Դամասկոսը մեղադրել է Անկարային Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են մի քանի օր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ բնակիչներին հասցվել է գույքային վնաս։
«Սիրիայում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները ագրեսիա են եւ Էրդողանի կառավարության որդեգրած էթնիկ եւ աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը: Սրանք ռազմական հանցագործություններ են եւ անմարդկային արարքներ, որոնք դատապարտվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքով»,- ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Թուրքիայի նախագահը ավելի վաղ հայտարարել է, որ զինված ուժերը երկրի սահմաններին հակաահաբեկչական գործողություններ են սկսելու։