ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային այնպիսի հրթիռային համակարգեր չի մատակարարի, որոնց միջոցով հնարավոր կլինի խոցել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները։
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես CNN հեռուստաընկերությունն ու The Washington Post պարբերականը, հաղորդել էին, որ ամերիկյան վարչակազմը հակված է նման զինատեսակներ տրամադրել ուկրաինական բանակին։ Խոսքը HIMARS տեսակի հրթիռային համակարգերի մասին է, որոնց գործողության շառավիղը կարող է հասնել 300 կիլոմետրի։
Ռուսները պնդում են, որ ոչնչացրել են արեւմտյան սպառազինության եւս մեկ խմբաքանակ
Մայիսի 30-ին ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է հրետանային հարվածների հետեւանքով Ուկրաինային փոխանցված արեւմտյան սպառազինության եւս մեկ խմբաքանակ ոչնչացնելու մասին։
Խոսքը Իտալիայից Ուկրաինա ուղարկված 155 միլիմետր տրամաչափի հաուբիցների մասին է: Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ հրանոթները հնարավոր է եղել հայտնաբերել հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Անկախ աղբյուրները Մոսկվայի տրամադրած այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հարվածներ են հասցվել Նիկոլաեւ քաղաքում գտնվող «Օկեան» նավաշինական գործարանի տարածքին, ինչի հետեւանքով ոչնչացվել է ուկրաինական բանակին պատկանող 15 միավոր զրահատեխնիկա եւ հինգ միավոր հրետանի։