Հայաստանյան 44 հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ անհատներ մայիսի 30-ին բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չստորագրելու եւ շահագրգիռ հանրության հետ քննարկում կազմակերպելու առաջարկով:
«Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսեւորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման»,- մասնավորապես նշված է նամակում։
Նամակագիրները խնդրի առնչությամբ ամբողջական կարծիք կազմելու համար առաջարկել են քննարկում կազմակերպել նախագահի եւ շահագրգիռ հանրության միջեւ՝ ներգրավելով նաեւ մասնագիտական ու իրավական գիտելիքներ ունեցող անկախ փորձագետների:
Պատրաստեց Մարի Չաքրյանը