Երեւանում մայիսի 30-ին ուշ երեկոյան ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:
Եզրափակիչ մրցամարտերի օրը Հայաստանից հանդես եկավ 3 բռնցքամարտիկ: Մերոնց բոլոր մարտերն էլ անցան անչափ լարված, դիտարժան պայքարում:
Եվրոպայի առաջնությանը 13 մարզիկով մասնակցած Հայաստանն այս առաջնությունում նվաճեց 1 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Հայաստանին ոսկի բերած 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մեդալների ընդհանուր քանակով առաջին տեղը զբաղեցրել է Իտալիան` 7 մեդալ: Այնուհետեւ հաջորդում են Իսպանիան ու Անգլիան` 5-ական մեդալ:
Ոսկե մեդալներով լավագույն ցուցանիշը Վրաստանինն էր, որը նվաճեց 3 մեդալ: Երկրորդ տեղում Սերբիան է` 2 ոսկե մեդալով: Հայաստանից բացի մեկական ոսկե մեդալի արժանացան նաեւ Անգլիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները: