ՀՀ առողջապահության նախարարությունը Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է Հայաստանում ծխողների վերաբերյյալ անցկացված հետազոտությունների տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ մեր երկրում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են. տղամարդկանց՝ 51.5%-ը, կանանց` 1.8%-ը: Դեռահասների շրջանում երբեւէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը եւ աղջիկների 3%-ը:
Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:
2020-ի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների վրա:
Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:
1987-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանել է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մայիսի 31-ին: ԱՀԿ-ն նման կերպ ձգտում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու ծխախոտի մահացու հետեւանքների վրա: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է:
Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ եւ նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։