Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմոուսովը հայտնել է, որ Խերսոնի մարզի եւ Ղրիմի սահմանին առանձին անցակետ կբացեն ապրանքներով բարձված բեռնատար ավտոմեքենաների համար:
«Հատուկ անցում է բացվում «Չապլինկա» շրջանում. «Կալանչիկ»-ը մնում է ուղեւորատար, եւ եւս մեկ անցում բացվում է ապրանքահոսքի դյուրացման համար»,- ասել է Ստրեմոուսովը:
Պաշտոնյան հավելել է, որ ավտոմոբիլային տրանսպորտն առայժմ ապրանքների փոխադրման հիմնական միջոցը կմնա տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ երկաթուղային հաղորդակցությունն այժմ կառուցվում է, փորձ է արվում կարգավորելու ծովային նավահանգիստների հարցը:
Ղրիմի հյուսիսում տեղակայված են ավտոմեքենաների եւ հետիոտների «Արմյանսկ», «Ջանկոյ» եւ Պերեկոպ» անցակետերը, իսկ ուկրաինական կողմում «Կալանչակ», «Չոնգար» եւ «Չապլինկա» անցակետերն են: Խերսոնի մարզն այժմ վերահսկում են ռուսական զորքերը: