Հայաստանյան անկախ լրատվամիջոցներն այսօր ի թիվս մի շարք խնդիրների մրցակցության մեջ են սոցիալական ցանցերի, կեղծ տեղեկատվության, անգամ կենցաղային մակարդակի բամբասանքի հետ:
Ո՞րն է արդի լրատվական դաշտի թերությունը. ինչո՞ւ հասարակությունը չունի բավարար վստահություն հայկական մեդիայի նկատմամբ, այս եւ լրատվական ոլորտին վերաբերող այլ հիմնախնդիրների մասին EVN Report մեդիա փառատոնի շրջանակում զրուցում էին հայաստանյան անկախ լրատվամիջոցների խմբագիրները:
«Մեր քաղաքական դաշտը մեծապես արտացոլվում է մեդիա դաշտի վրա, եւ հստակ չէ՝ խոսույթները որ կողմում են ձեւավորվում. լրատվամիջոցների քաղաքական ղեկավարնե՞րն են պատվերն իջեցնում, թե՞ լրատվամիջոցներն են ձեւավորում քաղաքական պատկերը»,- ասաց Civilnet.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։
Նրա կարծիքով այդ բեւեռացվածության պայմաններում ընդդիմության եւ իշխանության մեդիա ռեսուրսները հստակ քաղաքական պատվերներ են կատարում, եւ անկախ լրատվամիջոցներինն է բեւեռների միջակայքում խոսույթ ձեւավորողի դերը։ Այսինքն՝ նրանք պետք է խոսեն երկրի առջեւ ծառացած խնդիրների, զարգացման, ամենօրյա կյանքի մասին:
«Փոքրաթիվ այն լրատվամիջոցները, որոնք սեփական օրակարգն են ուզում առաջ տանել, լսելի չեն»,- ասաց «Հետք»-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը։ Նա, սակայն, իրավիճակն անհույս չի համարում։ ««Հետք»-ի հրապարակումները գուցե ընթերցող մեծ լսարան չունեն, բայց ազդում են որոշում կայացնողների եւ հասարակության այն փոքրաթիվ շերտի վրա, որը կարո՛ղ է ազդեցություն ունենալ տվյալ որոշումների վրա»։
«Ալիք Մեդիա Հայաստան» կայքի գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանն առաջարկեց ընդլայնել քննարկման շրջանակն ու խոսել առհասարակ աշխարհայացքի մասին։ Նրա կարծիքով մեր հասարակությունը չունի աշխարհայացք, չի կարողանում իր շուրջը նայել 360 աստիճանով, տեսնել ու գնահատել թե՛ մեր խնդիրները, թե՛ մեզնից դուրս՝ տարածաշրջանում եւ աշխարհում կատարվողը։ Միեւնույն ժամանակ նա շեշտեց, որ նույն խնդիրն ունեն նաեւ լրագրողները։ «Մեր լրագրողները սոցիալական դիրքորոշում չունեն, էլ չասած քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշման մասին»։
Նույն կարծիքին էր նաեւ «Մեդիամաքս» կայքի համահիմնադիր եւ տնօրեն Արա Թադեւոսյանը։ Ըստ նրա՝ մեծ պատկերը չտեսնելը մեզ ծուղակն է գցում, եւ միայն խնդիրները տեսնելով, դրանց համապատասխան արձագանք տալով կարելի է լուծումներ գտնել։
Բայց, ըստ բանախոսների, մեդիան Հայաստանում կանգնած է պահանջարկ-առաջարկ երկմտանքի առջեւ։ Civilnet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նշեց, որ շուկայի այս օրենքը մեդիայի պարագայում չի գործում, որովհետեւ շատ հաճախ առաջարկով է պահանջարկ ձեւավորվում: «Չկա որակյալ արտադրանք, չկա նաեւ դրա պահանջարկը: Եթե դու տաս եղածից չտարբերվող մի պրոդուկտ, մեդիան չի զարգանա»:
Բանախոսներն անդրադարձան նաեւ սեփական բացթողումներին: «Որպես օրակարգ ձեւավորող լրագրողական համայնք՝ չխոսեցինք ամենացավոտ խնդիրների՝ հակամարտության, բանակի, կոռուպցիայի մասին, եւ մենք՝ որպես մեդիա դաշտ, այս պահին էլ շարունակում ենք խնդիրներին բավարար չափով չանդրադառնալ»,- ասաց Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:
Ֆինանսական այլընտրանքային աղբյուրների լավ ու վատ կողմերը
Անկախ լրատվամիջոցներն այսօր ունեն նաեւ ֆինանսական կայունության խնդիր, մեդիաների մեծ մասն ինքնաբավ չէ տնտեսապես: Եթե լրատվամիջոցը դրամաշնորհ է ստանում տարբեր դեսպանատներից, պիտակավորվում է որպես «սորոսական» կամ որպես «արեւմուտքի» պատվեր կատարող, բայց խմբագիրները շեշտում են՝ խմբագրությունն ինքն է որոշում թեմաները, պարտադրանք ամենեւին չկա: Գեղամ Վարդանյանի կարծիքով դրամաշնորհներով աշխատելն ամենաթափանցիկ ձեւն է, եւ դրա մասին խոսելն անգամ ավելորդություն է:
«Անկախ լրատվամիջոցները հիմնականում դրամաշնորհներ ստանում են արեւմտյան կազմակերպություններից պարզ պատճառով՝ միայն նրանք են նման հնարավորություն տալիս: «Սիվիլնեթի» խմբագիրը, խոսելով այլընտրանքային ֆինանսական աղբյուրների լավ ու վատ կողմերից, բերեց սեփական լրատվամիջոցի օրինակը. «Երկու տարի է՝ մենք դրամաշնորհային ծրագիր ենք իրականացնում Արցախում, որտեղ միջազգային լրատվամիջոցների մուտքն արգելված է: Ցույց ենք տալիս Ադրբեջանի ոտնձգությունները խաղաղ հայ բնակչության նկատմամբ, այն էլ՝ անգլերեն, ռուսերեն, հիմա դա հայրենասիրակա՞ն է, թե՞ ոչ»։
Ըստ նրա՝ եթե մենք ուզում ենք ժողովրդավարական հասարակություն դառնալ, որտեղ չորրորդ իշխանությունը՝ մեդիան, պետք է որոշակի ինքնաբավություն ունենա, միաժամանակ չկատարի քաղաքական պատվերներ, ապա կառավարությունը պետք է ստեղծի հիմնադրամ, հատկացնի դրամաշնորհներ, եւ այդ հիմնադրամը պետք է կառավարի անկախ կազմակերպություն: «Եթե մենք ուզում ենք նորմալ երկիր դառնալ, այդ նորմալ երկիրը պետք է ունենա անկախ դատական համակարգ, ազատ տնտեսական մրցակցություն, արդար ընտրություններ… առանց որակյալ մեդիայի այս ամենը չի լինի»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Կառավարությունն ինքը բազմաթիվ ծրագրեր դրամաշնորհներով է իրականացնում, եւ այս պայմաններում կառավարությունից ֆինանսական աջակցություն ակնկալելը «Հետք»-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը ռոմանտիզմ է համարում։ Իսկ հանրությունից, իրենց հետաքննություններով հետաքրքրվող ընթերցող շրջանակներից ֆինանսական աջակցություն ստանալ «Հետք»-ի խմբագրակազմին առայժմ չի հաջողվում, թեեւ փորձել են։
Տիգրան Պասկեւիչյանը կարծում է, որ պետությունը որեւէ կերպ չի ուզում ներդրում կատարել հասարակության, հասարակական արտադրանքի մեջ, եւ «լավ օրից չէ», որ անկախ լրատվամիջոցները դրամաշնորհների են դիմում։ «Պետությունը փոխարենը ներդրում է կատարում հանրային հեռուստաընկերության մեջ, որը պետք է օրակարգ ձեւավորեր, խնդիրներ առաջադրեր եւ լուծումներ գտնելու ուղիներ ցույց տար։ Բայց, ինչպես ինքն է սեփական փորձով համոզվել, հանրայինը երբեք դա չի արել, չի անում եւ չի անելու։ Մամուլի բոլոր միջոցները, մենք՝ այստեղ հավաքվածներս, պետք է միավորվենք ու ստանձնենք հանրային դիսկուրս ապահովողի դերը»,- ասաց Պասկեւիչյանը։ Նրա կարծիքով, սակայն, հետեւողական աշխատանքով պետք է հասնել դրան։ «Եթե մենք մեկ-երկու ամիս հետեւողականորեն քննարկման առարկա դարձնենք մի խնդիր, օրինակ՝ աղբը, որն ուղղակի աղետ է, կարծում եմ, կհասնենք նրան, որ իշխանությունն ու հասարակությունը լուծումներ գտնեն»։
5 տոկոս վստահություն
Քննարկման մոդերատոր, EVN report մեդիայի տնօրեն Մարիա Թիթիզյանը ներկայացրեց ամիսներ առաջ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) իրականացրած սոցհարցման արդյունքները, որի համաձայն՝ հայկական լրատվամիջոցներն ունեն ամենացածր վստահությունը Հայաստանում, ընդամենը հինգ տոկոս: Մարիա Թիթիզյանի «Ինչպե՞ս բարձրացնել այդ վստահությունը» հարցին Տիգրան Պասկեւիչյանը պատասխանեց. «Այդ հինգ տոկոսը ողբերգություն չէ, կարծում եմ՝ թվերով չէ, որ պետք է նայել իրավիճակին, պետք է հասկանալ, թե ինչ վիճակում ենք մենք եւ արդյոք կարող ենք ազդեցություն ունենալ հասարակության վրա»: «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիրը շեշտեց, որ մեդիան առհասարակ չունի հասարակության վրա լուրջ ազդեցություն: Նախեւառաջ պետք է որոնել ուղիներ՝ ազդելու հասարակական գործընթացների վրա։ Նրա կարծիքով մեդիան իր հեղինակությունը բարձրացնելու համար չպետք է գնա փոխզիջման, այն իր ուժն ու ազդեցությունը կարող է ունենալ միայն ինքնությունը պահպանելու շնորհիվ:
«Միայն քանակական ցուցանիշներով չպետք է դատել մեր ազդեցության մասին,- Լիանա Սայադյանը մեդիան գնահատում է որակի տեսանկյունից,- «Հետք»-ը գուցե փոքր լսարան ունի, բայց մեր մատուցած բովանդակությունն ազդեցիկ է, չորս տարի առաջ գրված հոդվածն, օրինակ, այսօր կարող է քրեական գործ հարուցելու առիթ դառնալ»։
Վերջում խմբագիրները պատասխանեցին ներկաների հարցերին, որոնց հիմնականում հետաքրքրում էր կայքերի եւ սոցիալական նոր հարթակների համակեցության խնդիրը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։