ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց, որ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ինչպես նաեւ օրենքի գերակայությունն ու առեւտուրը բավարար չեն. ԵՄ-ն նաեւ պետք է լուրջ ռազմական ուժ դառնա: Բորելը հավելել է, որ պաշտպանությունն ազգային իրավասություն է: «Պետք է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»,- շեշտել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Նա հավելել է, որ Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն x տոկոսով, ԵՄ հանգուցային ռազմական թերությունները չեն վերացվի:
«Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն է, եւ ռազմական ծախսերի համակարգումը քաղաքական շատ հմտություններ է պահանջում»,- ընդգծել է բարձրագույն հանձնակատարը:
Բորելը նշել է, որ գագաթնաժողովում կներկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որը ենթադրում է եվրոպական բանակների կարիքների եւ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունների ներդաշնակ միավորում: