Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը շուտով կունենա Եվրոպայում ամենամեծ ավանդական բանակը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում:
Նա նշել է, որ դա զգալիորեն կամրապնդի Գերմանիայի եւ նրա դաշնակիցների անվտանգությունը։ Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, թե չի հասկանում Գերմանիայի իշխանությունների հասցեին Ուկրաինային անհրաժեշտ ռազմական աջակցություն չցուցաբերելու մասին հնչող քննադատությունները:
Օլաֆ Շոլցը հավելել է, որ Բեռլինն Ուկրաինային բավական սպառազինություն է մատակարարել եւ դեռ ավելի շատ ծանր սպառազինության կմատակարարի: Այդ համատեքստում Շոլցը հիշեցրել է, որ Gepard զենիթային ինքնագնաց սարքերը Կիեւին պետք է հանձնվեն հուլիսի վերջին։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ խաղաղության ընդունելի պայմանները՝ միաժամանակ դեմ արտահայտվելով պարտադրված խաղաղությանը: Շոլցը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայի վերաբերյալ իր առջեւ դրված նպատակներին երբեք չի հասնի: Նա հերթական անգամ կոչ է արել ռուսական զորքը դուրս բերելու Ուկրաինայի տարածքից։