Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերի միջեւ վերջին շրջանում տեղի ունեցող գործողություններից:
Չավուշօղլուն ասել է, որ որոշ երկրներում կարծում էին, որ զենքի մատակարարման միջոցով Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին եւ շրջել ռազմական գործողությունների ալիքը, սակայն դա տեղի չի ունենում:
«Սա տեղի չի ունենում. կողմերից ոչ մեկն էական հաջողությունների չի հասնում մարտի դաշտում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ըստ Չավուշօղլուի՝ կողմերը սկսում են գիտակցել, որ ուժի կիրառմամբ արագ հաղթանակ չի լինի։
«Վերջին շրջանում երկխոսության նոր միտում է նկատվում։ Մենք նույնպես կողմ ենք երկխոսությանը։ Պատերազմի վնասները, հատկապես Ուկրաինայի համար, շատ մեծ են։ Թուրքիան ձգտում է վերականգնելու դեմ առ դեմ բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրվանից Անկարան փորձում է նվազեցնել լարվածությունը սեւծովյան տարածաշրջանում։
«Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների ստամբուլյան հանդիպումից հետո երկխոսությունը դանդաղեց։ Բուչայում եւ Իրփինում տեղի են ունեցել հայտնի իրադարձություններ, որոնք մտահոգություն են առաջացրել նաեւ Թուրքիայում»,- նշել է նախարարը։