Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ «Դիմադրության» շարժում սկսած ընդդիմադիրներին «պետք է առանձնապես չխանգարել, որ «մինչեւ քոքը մաշեն»»:
Չնայած այս հայտարարությանը՝ իշխանությունները երկուշաբթի օրվանից կտրուկ փոխել են իրենց գործելաոճը եւ անցել անհամաչափ ուժ կիրառելու պրակտիկային: Ոստիկանները Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին բռնություն գործադրելով էին բերման ենթարկում, անգամ հարվածել էին ընդդիմադիր խմբակցությունների մի քանի պատգամավորների:
Սա հաջորդել է ընդդիմության ներկայացուցիչների՝ Կառավարական 3-րդ մասնաշենք մտնելու փորձերին։ Սկզբում Կառավարական մասնաշենք մտնել ցանկացել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ իրենց հայտարարության վերաբերյալ նախարարների տեսակետը պարզելու համար, ինչպես օրեր առաջ արել էին ՀՀ ԱԳՆ-ի դեպքում եւ հանդիպել փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Սակայն այս անգամ ոստիկանները պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Կառավարական մասնաշենք, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ, եւ սկսվել էր բախումը։
Ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք: Եթե մինչ այս ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ էին տանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը), ապա երեկ արդեն ընդդիմության հավաքի մասնակիցները բերման էին ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն տարածեց՝ մանրամասնելով, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար քրեական գործ է հարուցվել, ութ անձ ձերբակալված է։
Ակնհայտ է, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունն այս օրերին փորձում են սրել իրավիճակը եւ լրացուցիչ «թթվածին ներարկել» իրար։
Անցած ապրիլից ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ակցիաներ է սկսել եւ փակ է պահում մայրաքաղաքի կենտրոնը։ Հակառակ ընդդիմադիր գործիչների՝ մայրաքաղաքը քաղաքացիական անհնազանդության ակցիաներով պարալիզացնելու, տասնյակ հազարանոց հանրահավաքների մասին հայտարարություններին՝ իրականությունը միանգամայն այլ է. ընդդիմադիր շարժումը գնալով մարում է եւ այդպես էլ համաժողովրդական կամ համազգային չի դառնում: Ավելին՝ գնալով ավելի անթաքույց է նկատվում ընդդիմադիր տարբեր թեւերի մեջ հակասություններն ու միմյանցից առանձնանալու մղումը:
Հիմա նրանք իշխանություններին «հունից հանելու» նոր տարբերակ են գտել՝ նման գործողություններով հոգեբանական ճնշումների ենթարկել առանձին պաշտոնյաների։ Ընդ որում, ինչպես հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «եթե նախարարները պետական շենքերում մեզ չեն ընդունում, կարող ենք գնալ իրենց տներ»:
Իշխանության նյարդերն էլ կարծես սկսել են տեղի տալ. դրա վկայությունն են թերեւս ցուցարարների նկատմամբ բռնությունները, որոնք հօդս ցնդեցրին ոստիկանական բարեփոխումների մասին իշխանությունների հայտարարությունները կամ ժողովրդավարության մասին պնդումները։
Քանի որ ե՛ւ ընդդիմադիր հարթակում, ե՛ւ իշխանության մոտ բացակայում են քաղաքական խոսքն ու քաղաքական միտքը, մնացել է միայն իրավիճակը սրելու տարբերակը։ Առավել եւս, երբ երկուստեք որդեգրել են առավելապաշտական դիրքորոշում։ Այնինչ ստեղծված իրավիճակից կարելի էր ելք գտնել ու գնալ երկխոսության, ոչ թե երկուստեք մերժել բանակցային հեռանկարը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: