Սերսում սերը չի պակասում՝ անկախ դժվարություններից: Վայոց ձորի սահմանամերձ գյուղի բնակիչները թեեւ գյուղի անվան պատմությունը հստակ չեն հիշում, բայց միաբերան պնդում են՝ հաստատ շատ սիրուց է:
Գյուղը, որ ժամանակին (ըստ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի՝ 1914-ին) մինչեւ 1300 բնակիչ է ունեցել, օրեցօր դատարկվում է:
Գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանն ասում է՝ 35 տնտեսություն է մնացել գյուղում, մոտ 200 հոգի է բնակվում, որոնց մի մասը տարվա միայն կեսն է անցկացնում Սերսում: Բարձրլեռնային գյուղի ցուրտ յոթ ամիսներին «սեզոնային» ապրողները տեղափոխվում են:
86-ամյա Բադիլ Ասատրյանը, որ ծնվել, մեծացել է Սերսում, հիմա այդ «սեզոնային» ապրողներից մեկն է դարձել: Ձմռանը որդու տուն՝ Վայք է գնում: Այս ամիսներին հարազատ գյուղում է: Ասում է՝ 2017-ին պառավը չմահանար, ձմռանն էլ կմնար Սերսում։ 21 թոռներն ու ծոռները Սերս քիչ են գնում, զբաղմունք չկա: Պապը կարոտով է հիշում Սովետի տարիները: Վստահ է՝ Սովետը լիներ, գյուղն էլ շեն կմնար:
Երեւանից մոտ 160 կիլոմետր հեռու գտնվող գյուղը քաղաքականությունից հեռու մնալ չի կարողացել: Բադիլ պապը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ակտիվ քննադատ է: Ասում է՝ բոլորն էլ իրենց աթոռի «դարդն» են: Պապը հեռուստացույց ունի, բայց լուրերին իր սիրելի Սովետից մնացած ռադիոյով է հետեւում. ռադիոյով չեն խաբում, ասում է:
«Ոչ մեկն էլ ճիշտ չի խոսում, բոլորն էլ զավթել են ուզում՝ «էս ծառն իմն է, էս քարն իմն է», ժողովրդի համար էլ տեղ չկա: Ամեն մեկն իր մոտիկներին է բերում, պաշտոնի դնում: Սովետի ժամանակ էդպես չէր՝ գլուխ ունեիր, աշխատում էիր, չունեիր, նստում էիր»,- վստահեցնում է Բադիլ պապը:
Հարեւան Ծաղիկ տատն էլ իր օրինակով ապացուցում է՝ Սերսում հյուրերին սիրում են: Մեզ բաց չի թողնում, մինչեւ իր տուն չենք այցելում ու լսում իր երեք ազգանունների պատմությունը: Մեկն էլ Տեր-Ալեքսանյան է. պապը տերտեր է եղել: Գերեզմանը գյուղի «ժամտան»՝ Սուրբ Երրորդության բակում է։
Հիմքերը թուլացած, քարուքանդ եկեղեցին գյուղացիների հավատի հիմքերն ամուր կարողանում է պահել: Գյուղի տարեցներն ասում են՝ երբ եկեղեցուց մի քար է ընկնում, մի ընտանիք լքում է գյուղը: 10-րդ դարին թվագրվող կառույցը, որ ԽՍՀՄ տարիներին որպես պահեստ է ծառայել, վերջին անգամ վերանորոգվել է 1826-1827 թվականներին: Շատերն են եկել, նկարել, հույս տվել, թե կվերանորոգեն: Գործնականում ոչինչ չի արվել, բայց այսօր հույս կա: Վայք խոշորացված համայնքի ղեկավարը վերջերս այցելել է Սերս, հաշվարկներ են արել: Խոստացել են այս անգամ հույս տալով չսահմանափակվել:
Գյուղի վարչական ղեկավարն ակնկալում է՝ վերանորոգումից հետո կկարողանան նաեւ գյուղական զբոսաշրջությունը որոշ չափով զարգացնել, բնակիչները զբաղվելու բան կունենան: Տեսարժան վայրերը շատ են, բայց այցելուներ չկան: Սերսում հիմնականում այգեգործությամբ, մեղվապահությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, բայց տարածքի մյուս գյուղերին բնորոշ խնդիրն այստեղ էլ կա՝ արտադրանքը սպառել չեն կարողանում: «Ասում էինք՝ մի փոքր ֆաբրիկա, մի գործարան բացեք, մարդիկ զբաղվեն, երիտասարդությունը հետ գա: Ո՞վ էր լսողը»,- ասում է Անդրանիկ Կարապետյանը:
19-ամյա Հասմիկ Հարությունյանն այն փոքրաթիվ երիտասարդներից է, որ դպրոցն ավարտելուց հետո Սերսում է մնացել: Համայանքապետարանում է աշխատում: Հասմիկը սովորել է գյուղի 8-ամյա դպրոցում, հետո հաճախել հարեւան Մարտիրոս գյուղի դպրոց: Իր դասարանում միակ աշակերտն է եղել, Մարտիրոսում արդեն մի քանի դասընկեր է ունեցել: Ոգեւորված պատմում է, որ կարողացել են եկեղեցու մասին այնքան բարձրաձայնել, մինչեւ «սայլը տեղից շարժվի»:
Համայանքապետարանի երիտասարդ աշխատակցուհին գյուղը լքել չի ուզում, ասում է՝ թե բոլորով թեւ-թիկունք լինեն, Սերսն անուշադրության «սեւ ցուցակից» կհանեն:
Գյուղապետարանի վթարային շենքը գյուղացիների հավաքվելու միակ տեղն է: Նախկին զորամասում գյուղի փոքրիկ գրադարանն է, ընտրատեղամասը, ժողովների սրահը…
Սրահի անկյունում էլ կշեռքն է, որով կշռում են մի քանի անգամ թանկացած սելիտրան, պարարտանյութերը: Դեռ ԽՍՀՄ-ից մնացած հին ցուցանակը, որ բոլորին հորդորում է դեպի դաշտ գնալ, հիմա դռան բաց անկյուններն է փակում: Դաշտ գնալու կոչն էլ առաջվա պես արդիական չէ: Համայնքապատկան մոտ 200 հեկտար տարածք սահմանի չեզոք գոտում գտնվելու պատճառով անօգտագործելի է:
Պատկան մարմինների հետաքրքրությունն էլ սահմանափակվում է զանգերով՝ բնակիչներին զգուշացնում են, որ բանջար հավաքելու, անասունին արածեցնելու համար շատ մոտ չգնան սահմանին: Անասունների՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնելու դեպքերը քիչ չեն:
Հենց այսպես էլ ապրում են Սերսում՝ սիրով ու սիրո կարոտ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: