Ես այս [Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման] գործընթացին մեծապես աջակցում եմ։ Կարծում եմ՝ այն ավելի արագ պետք է ընթանա։ Ժամանակը կարող է ոչ թե հօգուտ մեզ աշխատել, այլ ի վնաս, որովհետեւ աշխարհը գնում է դեպի ավելի քաոսային մի մթնոլորտ։
Այս գործընթացը, ցավոք, պատերազմի պատճառով ի հայտ եկավ։ Պատերազմը վերացրեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա հիմնական հակասության առիթներից մեկը՝ գրավյալ տարածքների հարցը։ Որպես մի նախապայման այն այլեւս չկա։ Սա է հիմնական շարժիչ ուժը եղել։
Ռազմավարական տեսանկյունից ավելի ճիշտ կլինի, որ գործընթացն ավելի արագ ընթանա։ Դանդաղեցնող ամենակարեւոր գործոնն այն է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման քայլերն այս պահին կապվում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման հետ։
Այսինքն՝ Անկարան ասում է՝ որպեսզի ես քեզ հետ կարողանամ քայլ անել, Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացում պետք է ինչ-որ առաջընթաց գրանցեք։ Սա էլ, ցավոք, կարգավորման քայլերի ընթացքը դանդաղեցնում է, որովհետեւ երբ խոսում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման մասին, պետք է հասկանալ, որ սա բավականին երկար ժամանակ պահանջող մի գործընթաց է լինելու՝ քարտեզներ, տարբերակներ, Մոսկվայի ստեղծելիք տեխնիկական կոմիտեներ եւ այլն։ Մյուս կողմից, սակայն, տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Թուրքիան, կարծում են, որ միմյանց հետ համերաշխությունն իրականում կարող է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ սա թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տեսանկյունից հասկանալի մոտեցում է։
Բայց խրոնիկ [մինչ այս եղած գործընթացների] անհաջողության ամենակարեւոր պատճառներից մեկը երկու կողմում էլ պատմության այլընտրանքային ընթերցումներն են։ Հայաստանն, իհարկե, ունի պատմության իր մեկնաբանությունը եւ Ցեղասպանության վերաբերյալ իր դիսկուրսը, բայց պատմության՝ Թուրքիայի մեկնաբանությունը լիովին այլ է, 180 աստիճանով տարբեր։ Այս մեկնաբանությունը ե՛ւ պաշտոնական պատմության, ե՛ւ սերունդների մեջ դաջվում, ամրապնդվում է։ Հետեւաբար հասարակություններին պատմության միջոցով հաշտեցնել հնարավոր չէ։ Շահերի միջոցով հաշտվելը, առեւտրի միջոցով հաշտվելը այսօր ավելի իրատեսական են։
Կարեւորն այս պահին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն են։ Սահմանները 1990-ականներին, թեկուզ կարճ ժամանակով, բաց էին։ Այսօր եւս կարող են բաց լինել։ Ես ցանկանում եմ, որ Թուրքիան ավելի խիզախ գործի, Հայաստանն ավելի խիզախ գործի։ Նախ թող սահմանները բացվեն, հետո արդեն մնացած խնդիրները կարող են քննարկվել։
Confidence building կոչվող՝ վստահությունը բարձրացնող միջոցառումները քայլ առ քայլ կգան, բայց սահմանների փակ մնալու համար ոչ մի պատճառ չկա։ Այսօր աշխարհում փակ սահմաններ գրեթե ոչ մի տեղ չեն մնացել։ Հյուսիսային Կորեայում կա, գուցե մի երկու տեղում էլ լինեն, բայց տարիներ շարունակ պատերազմող բոլոր երկրների միջեւ սահմանները բաց են՝ ներառյալ Բալկանները։ Հետեւաբար այս սահմանի փակ մնալը սխալ, անտեղի եւ անախրոնիկ երեւույթ է։