Թուրքիան պաշտոնական գրությամբ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` կառույցի կազմում օտար լեզվով իրենց երկիրը Turkey, Turkei կամ Turquie բառերի փոխարեն Թյուրքիե (Türkiye) անվանակոչելու համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
1923-ին անկախության հռչակումից հետո թուրքերենում երկիրը կոչվում է հենց «Թուրքիյե»։ Դարերի ընթացքում եվրոպացիներն ամենատարբեր անուններով են կոչել Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նաեւ Թուրքիան։ Բայց ամենից տարածվածները լատիներեն Turquia ու շատ ավելի լայն կիրառություն ունեցող Turkey տարբերակներն են։
Վերոնշյալ անուններն անգլերենից, գերմաներենից կամ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում են «հնդկահավ»:
Երբ Google-ում որոնում ես «Turkey» բառը, միանգամից հայտնվում են Հյուսիսային Ամերիկայում հայտնի հնդկահավերի մասին մի շարք հոդվածներ ու նկարներ։ Քեմբրիջի բառարանում «turkey» բառի բացատրությունն է՝ «ինչ-որ խիստ ձախողված բան» կամ «հիմար մարդ»։
Այս ոչ այնքան հաճելի զուգորդումն ունի խոր արմատներ։ Նշվում է, թե իբր եվրոպացի գաղութարարները, ոտք դնելով Հյուսիսային Ամերիկա, հնդկահավեր են տեսել, բայց սխալմամբ կարծել են, թե դրանք խայտահավեր են, որոնք Օսմանյան կայսրության միջոցով արեւելյան Աֆրիկայից արտահանվել են Եվրոպա։
Թուրքիայի արտահանողների խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական ապրանքների վրա այսուհետ գրելու են «Made in Turkiye»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021-ի դեկտեմբերի 3-ին հրապարակել է շրջաբերական, ըստ որի՝ այսուհետ միջազգայնորեն ճանաչված Turkey անվան փոխարեն պետք է կիրառվի Turkiye տարբերակը։ TRT World-ը պատրաստել է ծավալուն նյութ՝ պատասխանելու այն հարցին, թե ինչու եւ ինչպես է նման որոշում ընդունվել։
«Turkiye բառը լավագույնս ներկայացնում է թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները»,- ասված է Էրդողանի շրջաբերականում։
Հակառակ Էրդողանի՝ երկրի անունն օտար լեզվով փոփոխելու մասին հրամանագրի՝ մինչ այժմ երկրի անունը որպես «Թյուրքիե» գրում էին միայն թուրքական ու ադրբեջանական մամուլում: