ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես արդեն ներկայացվել է մարտի 21-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում։
Ընդ որում՝ տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որեւէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։
Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալու բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաեւ հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկություն էր տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։ Ներքին Հանդ գյուղի բնակիչներն իրենց հերթին հայտնել էին, որ տեղյակ չեն առաջխաղացումից։