Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ հայտարարել է, որ նոր գործողություն սկսելու համար Թուրքիան ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:
Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արեւմտյան ու արեւելյան հատվածների վերաբերյալ, այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգն ամբողջովին չի վերացել: Ըստ Քալընի՝ նման ռազմական գործողությունը Թուրքիայի օրինական իրավունքն է, քանի որ դրանով լուծվում է սահմանային անվտանգության հարցը:
Թուրքիան մինչեւ այժմ Սիրիայում իրականացրել է երեք խոշոր ռազմական գործողություն: Դրանց հետեւանքով Սիրիայի մի շարք շրջաններ դուրս են մնացել քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Օրեր առաջ էլ Թուրքիայի նախագահը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քրդական ուժերին մեղադրել է Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու համար:
Էրդողանը Պուտինի հետ մայիսի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ 2019-ի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում հնարավորություն չի եղել ստեղծելու Թուրքիայի սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի, մինչդեռ հիմա դրա անհրաժեշտությունն անխուսափելի է: