Ըստ The New York Times պարբերականի՝ Միացյալ Նահանգների իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը կխաթարի Վաշինգտոնի՝ որպես վստահելի ներդրումային գործընկերոջ կարգավիճակն այլ երկրների աչքում։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը առաջարկել էր ՌԴ ոսկու եւ արտարժույթի սառեցված պահուստներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը: Իբրեւ օրինակ՝ Բորելը նշել է Աֆղանստանի ԿԲ-ի՝ հումանիտար օգնության սառեցված ակտիվները, որոնցից 3,5 միլիարդ դոլարն ԱՄՆ-ն իբրեւ փոխհատուցում ուղղեց 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչի տեղակալ Գիտա Գոփինաթն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմնադրամը պատրաստ չէ բռնագրավելու Ռուսաստանի ոսկու եւ արտարժույթի պահուստները հօգուտ Ուկրաինայի: Պաշտոնյան հրաժարվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները բռնագրավելու վերաբերյալ ԱՄՀ դիրքորոշումը հրապարակելուց:
Բրիտանական Financial Times-ն իր հերթին գրել էր, որ ՌԴ ոսկու եւ արտարժույթի սառեցված պահուստների բռնագրավումը, որոնց ընդհանուր ծավալն, ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, մոտ 300 միլիարդ դոլար է, արտերկրում կհանգեցնի քաղաքական տնտեսության միջազգային համակարգի փլուզման:
Սպիտակ տան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ միջոցների դուրսբերումը կարող է անօրինական լինել, ինչը կխրախուսի մյուս երկրներին անվստահություն հայտնել ԱՄՆ-ին՝ որպես ներդրումները չպահպանող պետության։
The New York Times-ը նշել է նաեւ, որ Վաշինգտոնն, ի տարբերություն եվրոպական երկրների, շատ ավելի զգուշավոր է սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային որպես ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում։