ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ի ուժերը հարձակման չեն ենթարկվել։ The New York Times-ում հրապարակված հոդվածում Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայում ռազմական գործողություններին: Նա շեշտել է, որ չի ողջունում Վլադիմիր Պուտինի գործելաոճը, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանում իշխանափոխության չի նպաստի:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան միջուկային զենք կիրառելու մտադրություն չունի, Վաշինգտոնը նման քայլն անընդունելի է համարում: ԱՄՆ նպատակն է, որ Ուկրաինան լինի ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան երկիր եւ կարողանա պաշտպանվել նոր հարձակումից։ Սակայն Վաշինգտոնն Ուկրաինային չի խրախուսում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս: Բայց նաեւԱՄՆ-ը Կիեւից չի պահանջի տարածքային զիջումներ անել։
Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ը Կիեւին ավելի ժամանակակից զինամթերք կտրամադրի, այդ թվում՝ Stinger շարժական զենիթահրթիռային եւ Javelin հակատանկային համակարգեր, հրետանի եւ Մի-17 ուղղաթիռներ։ «Մենք արագ անցանք Ուկրաինային զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք ուղարկելուն, որպեսզի կարողանան կռվել մարտի դաշտում եւ հնարավորինս ամուր դիրք գրավեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը՝ ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների ներուժի միջոցով։
Ուկրաինան մտադիր չէ հարվածել ՌԴ-ի տարածքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը, թե Վաշինգտոնը Ուկրաինա չի ուղարկի այնպիսի հրթիռային համակարգեր, որոնցով Կիեւը կկաողանա հարվածել Ռուսաստանի տարածքին, հայտարարել է, թե Կիեւը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։ «Մենք Ռուսաստանի տարածքում չենք կռվում»,- շեշտել է նա:
Զելենսկին ընդգծել է, ոչ Կիեւը տարածքային զիջումների չի գնա։ Նա շեշտել է, որ որոշ տարածքների հետ կապված դժվարություններ կան, դրանք կարելի է քննարկել․ առանց դիվանագիտական ջանքերի հնարավոր չէ:
Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան մարտական գործողություններում օրական կորցնում է 60-100 զինծառայող, ամեն օր մոտ 500 մարդ վիրավորվում է: