«Ալիք Մեդիա Վրաստանը» ամփոփ ներկայացրել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջին պաշտոնական երկօրյա այցը Վրաստան։ ՀՀ նախագահին մայիսի 30-ին Օրբելիանի նախագահական նստավայրում ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Երկու երկրների նախագահները առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ վրաց-հայկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունել է նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության եւ բարիդրացիական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հատուկ անդրադարձ է եղել աշխարհում եւ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին։ Քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարեւանության նախաձեռնությունը», որը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ երկխոսության ձեւաչափի ստեղծում եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցություն։ Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի նախագահի առաջին այցը Վրաստան խորհրդանշական է, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների հարաբերությունների կարեւորությունը։ Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում Վրաստանի եւ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը։
Վրաստան այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարակական եւ մշակութային գործիչների հետ։ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաեւ Վրաստանի ազգային թանգարան, այնուհետեւ Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն: