Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ երեքշաբթի օրն ու անցած գիշեր Ռուսաստանի բանակի ձեռնարկած օդային հարվածների հետեւանքով 140 ուկրաինացի զինծառայող է սպանվել։
«Օպերատիվ-տակտիկական, բանակային եւ անօդաչու ավիացիայի վերջին մեկ օրում Ուկրաինայի բանակի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կուտակման 61 շրջան է խոցվել։ Ոչնչացվել են 9 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա, «Գրադ» կայանք, 6 հրանոթ եւ ականանետ։ Ոչնչացվել է նաեւ «Օսա» տեսակի 1 զենիթա-հրթիռային համակարգ»,- հայտարարել է Կոնաշենկովը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները հունիսի 1-ի՝ ռուսական ներխուժման 98-րդ օրվա դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2290 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 49 միավոր, 659 միավոր հրետանային համակարգ, 3343 միավոր զրահամեքենա, 94 միավոր ՀՕՊ համակարգ, 1364 տանկ, 13 ռազմանավ (եւ մոտորանավ), 175 ռազմական ուղղաթիռ, 208 ռազմական ինքնաթիռ, 120 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 30 հազար 700 ռուս զինվորական։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հավելել է, որ հակառակորդը անցած օրն առավել մեծ կորուստներ է ունեցել Կրիվոռոժսկի եւ Բախմուտի ուղղությամբ:
Կրեմլը Ուկրաինայում ռուսաստանցի զոհված զինվորների թվի մասին վերջին անգամ հայտնել էր մարտի 25-ին։ Այդ օրը Կոնաշենկովը հայտարարել էր, որ զոհվել է առնվազն 1351, եւ վիրավորվել է 3825 ռուսաստանցի զինծառայող: Մինչդեռ BBC ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն 3052 զինծառայող է կորցրել: