ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2022-ի օգոստոսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր կդառնա։ Տեխզննման կայաններին զուգահեռ կսկսեն գործել ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների ստուգման կայանները։
ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ Սանոսյանը նշել է, որ անվտանգության տեանկյունից սա շատ կարեւոր է, եւ Հայաստանում այժմ երկու տարին մեկ անգամ գազաբալոնները պետք է պարտադիր ստուգման ենթարկեն։
Ավելի վաղ՝ ՀՀ Կառավարության ապրիլի 28-ի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանների շնորհիվ ճանապարհային ոստիկաններն առանց մեքենան կանգնեցնելու կստուգեն համապատասխան արտոնագրի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թողնի մեքենան լիցքավորել առանց գազաբալոնի շահագործման վկայականի։