Այս տարվա ապրիլին Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտները աննախադեպ աճ են գրանցել՝ 358 մլն դոլար։ 2021-ի ապրիլին մեր երկիրը ստացել է ավելի քան կրկնակի փոքր գումար՝ 168 մլն դոլար։ Կենտրոնական բանկն այդ վիճակագրությունը ներկայացնում է 2004 թվականից, երբեւէ նման ցուցանիշ չի եղել։ Ամենաբարձրը եղել է 2008-ի նոյեմբերին՝ 273 մլն դոլար։
Իսկ ապրիլին ստացված գումարի գերակշիռ մասը՝ 232 մլն դոլարը, եկել է Ռուսաստանից։ Նախորդ ամիսներին այդ երկրից եկած տրանսֆերտները կրկնակի-եռակի քիչ էին։ Սա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանից ավելի շատ գումար է փոխանցվում։ Հավելենք նաեւ, որ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանը ստացել է 914 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտ, ինչն անցած տարվա նույն չորս ամիսների համեմատ ավելի է 400 մլն դոլարով։ Այդ գումարի զգալի մասը բերել են հատկապես ռուսաստանցի այն հազարավոր մասնագետները, որոնք պատերազմից հետո իրենց գործունեությունը մեր երկրից են իրականացնում։
Մասնավոր տրանսֆերտների կտրուկ աճն, իհարկե, չէր կարող անհետեւանք մնալ։ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, թե նաեւ դա է պատճառը, որ դոլարն ու եվրոն արժեզրկվել են եւ արդեն երկու ամիս է, պահպանում են ցածր փոխարժեքը։ «Ապրիլին մոտ 200 մլն դոլար ավելի գումար է մտել Հայաստան։ Մեր երկրի համար դա բավարար է, որ դոլարն այսպես արժեզրկվի»։
Ճիշտ է, պատերազմից անմիջապես հետո՝ մինչեւ ապրիլ, դոլարն արժեւորվեց, անցավ 500 դրամի շեմը, բայց հետո կտրուկ արժեզրկվեց։ Այս օրերին արդեն 1 դոլարը կարելի է վաճառել անգամ 437 դրամով, գնել՝ 447 դրամով։ Դոլարը նման ցածր գին չէր ունեցել 2015 թվականից ի վեր, երբ 400 դրամից հասավ 480-ի։ Այս երկու ամիսներին եվրոն նույնպես արժեզրկվեց՝ 540 դրամից իջնելով 490-ի։
Հայաստանում արտարժույթի արժեզրկումը պայմանավորված է նաեւ Ռուսաստանում դրա նկատմամբ վարվող քաղաքականությամբ։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո արեւմտյան երկրները ֆինանսատնտեսական ծանր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ։ Այդ երկիրն ինքը փոխադարձ պատժամիջոցներ սահմանեց, որոնց թվում էր գազը եւ նավթը ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուսական ռուբլով վաճառելու որոշումը։
Ռուսաստանն իր արտաքին առեւտուրը ռուբլով դարձրեց նաեւ ԵԱՏՄ երկրների հետ։ Արդյունքում նվազեց արտարժույթի, մասնավորապես դոլարի պահանջարկն իր ներսում։ Դա բերեց դոլարի փոխարժեքի կայունացման հենց Ռուսաստանում, որը պատերազմի առաջին իսկ օրվանից կտրուկ թանկացել էր ռուբլու նկատմամբ։ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո, օրինակ, մարտի 11-ին 1 դոլարը հասել էր 120 ռուբլու։ Արտաքին առեւտուրը ռուբլով դարձնելու եւ այլ քայլերի արդյունքում դոլարի փոխարժեքը գրեթե կրկնակի նվազեցրեց. այսօր արդեն 63-65 ռուբլի է։ Այդ երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող նման վայրիվերումները միանգամից նույն ազդեցությունն ունեցան Հայաստանի վրա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ եթե մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանը գազի եւ նավթամթերքի համար Ռուսաստանին դոլարով էր վճարում, այս տարվանից սկսել է ռուբլով վճարել։ Դա նվազեցրել է մեր երկրում դոլարի նկատմամբ պահանջարկը։ «Իսկ գազի ու նավթամթերքի համար տարեկան կտրվածքով մեր երկիրը մոտ 1 միլիարդ դոլար էր տալիս։ Հիմա այդքան դոլարի պահանջարկը կրճատվել է»։
Այս տարի ընդհանրապես Հայաստանի արտաքին առեւտրի աճի տեմպն է նվազել։ Իսկ եթե ներմուծումը կրճատվում է, դա նշանակում է, որ դոլարի նկատմամբ պահանջարկն էլ է նվազում։ Չէ՞ որ ներմուծողներն այստեղ իրենց վաճառած ապրանքի դիմաց ստացած դրամը փոխարինում են դոլարով, որ դրսից նորից ապրանք գնեն։
Բայց այս ընթացքում արժեւորվել է ռուսական ռուբլին, որը կտրուկ արժեզրկվել էր պատերազմից հետո․ եթե մարտին 1000 ռուբլին կարելի էր վաճառել 3000 դրամով, ապա այսօր արդեն՝ 7000 դրամով։ Ռուբլու արժեւորումը նույնպես առեւտուրը ռուբլով իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշման արդյունքն է։
Բագրատ Ասատրյանը դրական է համարում, որ վերջին շրջանում դրամն արժեւորվեց ռուբլու նկատմամբ, դա բարենպաստ պայմաններ կստեղծի դեպի Ռուսաստան արտահանողների համար, որոնք վերջին ամիսներին հայտնվել էին ծանր վիճակում։ Բայց նա չցանկացավ կանխատեսել, թե դոլարի ու եվրոյի այս ցածր փոխարժեքը կամ ռուբլու համեմատաբար բարձր փոխարժեքը որքան կպահպանվեն, կամ առաջիկայում ինչ տատանումներ կլինեն։ «Ես խորհուրդ եմ տալիս շուկայի մասին կանխատեսում չանել։ Փոխարժեքի այդ տատանումները պայմանավորված են աշխարհում եւ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Իսկ թե այդ իրադարձությունները վաղն ինչ զարգացում կունենան եւ ինչպես կազդեն փոխարժեքի վրա, այսօր դժվար է ասել»,- եզրափակեց տնտեսագետը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։