Երեխաների պաշտպանության միջազգային օրն անգլիական այգին մանկապատանեկան գրքերի տաղավարների մրցաշար էր հիշեցնում, նոր հրատարակություններ, պատկերազարդ գրքեր՝ որքան ուզես, գրքերի շնորհանդեսների պակաս էլ չկար: Արձակագիր Արմեն Օհանյանը՝ Արմեն Հայաստանցին, եւ պատկերազարդող Հարություն Թումաղյանը (Հար Թում) փոքրիկ ընթերցողներին նվիրեցին իրենց «Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը» գիրքը: Այն նվեր ստանալու համար պետք էր պարզապես գրանցվել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տաղավարի գրանցամատյանում. գիրքը նվիրելու նախաձեռնությունը հենց նրանցն էր:
«Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը» պատմությունն անբաժան ընկերներ միեղջյուր Ունոյի ու շնիկ Բենոյի մասին է: Նրանց կյանքում ամեն բան փոխվում է, երբ մի գեղեցիկ օր որոշում են այցելել թեւավոր արարածների թանգարան։
Համահեղինակները կերպարներից մինչեւ պատմություններ ու գույներ քննարկել են միասին, մանկագրի առանձին աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել:
«Երեք տարի առաջ ենք գիրքը նախաձեռնել: Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ երեխաների իրավունքների եւ ազատությունների մասին ծրագիր իրականացրինք՝ սթիքերներով: Հետո հասկացանք, որ պետք են սյուժեներ, հերոսներ, պետք է հեքիաթային ինտեգրացիա: Գիրքն այդ պարագայում լավագույն տարբերակն էր: Հավելեցինք ինտերակտիվ բաղադրիչը, ներկելու գրքույկը»: Ըստ կոնցեպտ-արտիստ, պատկերազարդող Հարություն Թումաղյանի՝ երեխաներն այդ կերպ նյութն ավելի լավ են յուրացնում:
Ասում են՝ շատ կարեւոր է երեխաներին մանկուց բացատրել՝ ինչ է ազատությունը, նրա իրավունքները: Հիմնաքարային երեւույթներ կան, որ հետո երեխայի աշխարհընկալումն են ձեւավորում: Ըստ Հարություն Թումաղյանի՝ այսօր երեխայի համար պարզ, փոքր երեւույթների մասին պատմություններ քիչ են ստեղծվում, փոխարենը կրթական բովանդակությունն է գերիշխում: Ունոյի եւ Բենոյի մասին այս պատմությունը տարբեր տարիքի ընթերցողների համար տարբեր ենթաշերտեր է բացում:
Գիրքը երեխաների իրավունքների՝ որոշում կայացնելու, սեփական կարծիք հայտնելու մասին է: Հեղինակները տողատակերով շոշափում են նաեւ բնապահպանության, ընկերության, հավատարմության եւ այլ արժեքների մասին հարցեր: Արմեն Հայաստանցին կարծում է, որ մեր հասարակությունը մեծ աշխատանք ունի անելու, մեծերը շատ զգուշորեն պիտի մանկություն մտնեն: Ըստ նրա՝ հանրային դաշտում բացակայում է մանկության, երեխաների ազատությունների եւ իրավունքների մասին լուրջ խոսակցությունը, երեխաների հանդեպ հասարակության վերաբերմունքն այսօր էլ կենացներով է սահմանափակվում:
Ըստ Արմեն Օհանյանի՝ մանկագրության դաշտն արդեն ասելիք ու կարողություններ ունի: Խնդիրը միայն հասարակական է՝ աշխարհայացքի փոփոխության, արժեքների, մեր պատմության վերանայման:
«Ընդհանրապես լավ կլիներ, որ հանրակրթության ոլորտի պատասխանատուներն ուշադրություն դարձնեին ոչ միայն այս գրքի, այլեւ մանկագրության վրա ընդհանրապես, հասկանային՝ ինչ է կատարվում մանկական գրքերի աշխարհում, որովհետեւ հրատարակիչները, գրողները, ազատ մտավորականները, կարծես թե, պետությունից առաջ են անցել: Թեեւ արդարության համար կարելի է ասել, որ այն հիմա բարեփոխումների օրակարգ ունի: Եթե շրջեք գրքերի տաղավարներով, կտեսնեք՝ ինչպիսի հրաշալի նկարազարդումներով գրքեր կան, այս առումով իրար տալու բան ունենք: Եթե պետությունն ուզում է զարկ տալ մանկական գրահրատարակչությանը, պետք է պետական հոգածություն ցուցաբերի,- ասում է արձակագիրն ու շեշտում,- խոսքը միայն ճիշտ քաղաքականություն մշակելու մասին է»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։