Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է հանել Սեւանի 4-րդ հիմնական դպրոցում աշխարհագրության դասաժամին Ադրբեջանի դրոշի ներկայացումը։ Դպրոցն ինքն է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել լուսանկարներ աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմության եւ դրոշի ներկայացման մասին։ Աղմուկից հետո լուսանկարները ֆեյսբուքյան էջից հանվել են։
Հիմա մտածում եմ՝ էս ի՞նչ աղմուկ է, որտե՞ղ է «կրիմինալն» այս պատմության մեջ։ Հետո դպրոցի տնօրենը պարզաբանում է․ «Դասի ավարտից հետո տվյալ աշակերտը պատռել է դրոշը։ Իսկ արձագանքից հետո իրեն մեղավոր է զգում»։
Մի խոսքով՝ Ադրբեջանի դրոշը մեր հանրությունում դարձել է կարմիր կտոր, որով կատաղեցնում են ցուլին։ Դպրոցի տնօրենի հետ զրուցած լրագրողը նրան հարցնում է․ «Ձեր կարծիքով նման կերպով կներկայացվե՞ր արդյոք Հայաստանի պատմությունը Ադրբեջանի դպրոցներում, եւ դասարանում կդրվե՞ր Հայաստանի դրոշը»։ Տնօրենն ասում է՝ իհարկե, նրանք էլ մեր պատմությունն են անցնում։
Մի խոսքով «կրիմինալի» անպտուղ փնտրտուքում հանկարծ գտա այս պատմության իրական արժեքը։ Դպրոց ավարտածները դիմադրում են դեռ դպրոց հաճախողների գիտելիքների յուրացմանը։ Ավարտածների համար դպրոցն ազգային- ազատագրական օջախ է, որտեղ չավարտածները պետք է «Ադրբեջան» բառը լսելիս դառնան ոչ ադեկվատ։ Այսինքն՝ երեխաներին չի կարելի լինել հավասարակշիռ զուտ չիմացության բերումով, նրանք պետք է անպայման իմանան թշնամու մասին ու ջղայնանան Ադրբեջանին վերաբերող ամեն փաստից։ Այսինքն՝ պետք է իմանան ամեն ինչ, որը կամրագրի թշնամու կերպարը երեխաների մեջ, ցանկալի է՝ առանց դրոշի։
Ինձ իրականում զվարճացրեց այդ նկարների հեռացումը դպրոցի ֆեյսբուքյան էջից։ Այսինքն՝ դպրոցի ղեկավարությունը վստահ չէ՞, որ իրավացի է։ Եվ հետո աշխարհագրությունը, ընկերնե՛ր, մի քիչ այլ բան է։ Այն ե՛ւ կապ ունի պատմության ու քաղաքականության հետ, ե՛ւ կապ չունի։ Մեծերի համար կապ ունի, որովհետեւ աշխարհագրական քարտեզը ձեւվում է նաեւ օկուպացիայով, ինչպես այսօր Ռուսաստանն է ձեւում իր աշխարհագրական քարտեզը Ուկրաինայի հաշվին, իսկ փոքրերի համար այն գետերի, անտառների, լադշաֆտի, անապատային գոտիների, արգելոցների նկարագրություն է։
Այս ամենում թշնամի լինելը կամ չլինելը ոչինչ չի որոշում։ Արաքսը հոսում է նաեւ Ադրբեջանով, այսինքն՝ Ադրբեջանի աշխարհագրության մաս է։ Չխոսե՞ն այս մասին դպրոցում։ Այսինքն՝ մեր դպրոցների աշխարհագրության դասաժամերին Արաքսը Մեղրիի եւ Ադրբեջանի սահմանին ավարտվո՞ւմ է։
Եվ ընդհանրապես, գուցե մեծերը ցուցա՞կ ներկայացնեն, թե փոքրերն ինչ սահմաններում պետք է սովորեն աշխարհագրությունը։ Ասենք, փոքրերը պիտի իմանա՞ն, թե որտեղ է Բաքուն, պետք է իմանա՞ն, թե ծովի մակերեւույթից ինչ բարձրություն ունեն Ադրբեջանի ամենաբարձր կամ ամենացածր գոտիները։ Թե՞ Հայաստանում Ադրբեջան չկա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: