Ըստ WAM գործակալության՝ Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Էմիրություններում նպատակային խմբերի իմունացումն ավարտվել է, եւ ավելի քան 9 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ պատվաստման ենթակա 18-ից բարձր քաղաքացիների 100 տոկոսը կորոնավիրուսի դեմ ամբողջական` կրկնակի եւ խթանիչ (բուստեր) պատվաստում է ստացել:
ԱՄԷ-ի առողջապահության եւ հանրային զարգացման նախարարությունն աշխատել է հասարակության բոլոր անդամներին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր տրամադրելու ուղղությամբ՝ ձգտելով հասնելու պատվաստման արդյունքով ստացվող ձեռքբերովի իմունիտետի: Ըստ առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ դա իր հերթին նպաստել է դեպքերի թվի նվազմանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձրել:
2022-ի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդացողների թիվն Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում նկատելիորեն նվազել է:
Միեւնույն ժամանակ մայիսի վերջին Աֆրիկայից Էմիրություններ նոր վիրուս է բերվել՝ կապկի ծաղիկը: Ութ օրվա ընթացքում այս ծաղկով հիվանդացածների թիվը երկրում հասել է ութի, թեեւ ախտահարվածներին 21 օրով անհապաղ կարանտինի են ենթարկում բուժհաստատություններում, նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք այժմ տնային մեկուսացման մեջ են: