Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է Ուկրաինայի իրադրությունը՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները խոր շրջադարձային պահ անվանելով: Մերկելն ասել է, թե կողքից խորհուրդներ չի տա, բայց աջակցում է կառավարության՝ այդ հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ջանքերին:
«Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որի վրա հարձակվել է Ռուսաստանը, եւ աջակցում եմ նրանց ինքնապաշտպանության իրավունքին»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ գերմանական արհմիությունների ասոցիացիայի (DGB) ղեկավար Ռայներ Հոֆմանի պաշտոնաթողության երեկոյին ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով ավելի քան 200 հյուրերի առջեւ:
Մերկելն իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ յոթնյակի (G7), ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի ջանքերին, որոնց նպատակը մարտական գործողությունների դադարեցումն է:
Հակամարտության վերաբերյալ հայտարարություններն ավելի վաղ Մերկելի անունից տարածում էին նրա գրասենյակի ներկայացուցիչները:
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլեր էր, երբ 2014-ին պետական հեղաշրջում տեղի ունեցավ Ուկրաինայում, իսկ հետո նրա մասնակցությամբ կնքվեցին Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը։
Մերկելին ԱՄՆ-ում ու ԵՄ երկրներում քննադատել են «Հյուսիսային հոսք-2» գազատարին աջակցելու համար։ Այն ուղիղ Գերմանիա պետք է տեղափոխեր ռուսական գազը: Մերկելի իրավահաջորդ Օլաֆ Շոլցը անորոշ ժամանակով հետաձգել է այս նախագծի իրականացումը։