Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հունիսի 2-ի դրությամբ աշխարհի երեք տասնյակ երկրներում հաստատվել է կապիկի ծաղիկի 550 դեպք: Նա հավելել է, որ այդ երկրներում վիրուսն էնդեմիկ չէ։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի՝ շատ երկրներում կապիկի ծաղիկի հանկարծակի ի հայտ գալը վկայում է, որ տեղի է ունեցել վիրուսի չբացահայտված փոխանցում: Գեբրեյեսուսը նշել է, որ ախտանիշները սովորաբար ինքնուրույն վերանում են, բայց որոշ դեպքերում վիրուսը կարող է ծանր հետևանքներ ունենալ։
Տուժած երկրներին ԱՀԿ ղեկավարը հորդորել է ուժեղացնել վերահսկողությունը, քանի որ ապագայում, ամենայն հավանականությամբ, ավելի շատ դեպքեր կհայտնաբերվեն։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել էր, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ զանգվածային պատվաստում իրականացնելու անհրաժեշտություն դեռեւս չկա:
ԱՀԿ-ի ռիսկային արձագանքման բաժնի տնօրեն Սիլվի Բրիանն էլ նշել էր, որ հանրությունը չպետք է խուճապի մատնվի․ սա կորոնավիրուս կամ արագ տարածվող մյուս վարակներից չէ, եւ կարեւորը ճիշտ ժամանակին անհրաժեշտ բուժում իրականացնելն է։