Հայաստանում շահագործվող հիդրոէլեկտրակայանները օգտագործած ջրի համար շուտով բնօգտագործման վճար կվճարեն: Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա դրությամբ Սեւան-Հրազդան եւ Որոտան հիդրոհամալիրներից բացի գործում է 189 փոքր հզորության հիդրոէլեկտրակայան:
ՀՀ Կառավարությունը հունիսի 2-ին հավանություն է տվել շրջակա միջավայրի նախարարության մշակած՝ ջրային ոլորտի վերաբերյալ օրենսդրական փաթեթին, որով, ի թիվս մի շարք լրացումների եւ փոփոխությունների, նախատեսվում է բնօգտագործման վճարի գանձում հիդրոէլեկտրակայաններից: Վճարը 1 խորանարդ մետրի դիմաց կկազմի 0,1 դրամ:
«Վերլուծությունն ու հաշվարկները փաստում են, որ 2017-2019 թվականներին հիդրոէլեկտրակայանների օգտագործած ջրի ծավալը միջինում կազմել է 6,2 միլիարդ խորանարդ մետր։ Հետեւաբար, սահմանված դրույքաչափով բնօգտագործման վճարներից պետբյուջեի մուտքերը տարեկան կավելանան մոտավոր 620 միլիոն դրամով»,- նշված է Կառավարության որոշման հիմնավորման մեջ:
ՀԷԿ-երի շինարարությունն էական վնաս է հասցնում գետային էկոհամակարգերին
Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ քանի որ ջրօգտագործման արդյունքում ՀԷԿ-երի օգտագործած ջուրը կրկին վերադարձվում է ջրային ռեսուրս, հիդրոէլեկտրակայանները ջրօգտագործող չեն համարվում։
Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում գետային էկոհամակարգերին՝ հանգեցնելով ճգնաժամային վիճակի։ Պատվարների, դերիվացիոն խողովակների կառուցումն առաջացնում է բնական ջրահոսքի խոչընդոտում եւ շեղում, ջրային ռեսուրսի ափերի, հոսքի եւ հատկությունների, ինչպես նաեւ ջրի քանակական փոփոխություններ։
Ջրօգտագործում է համարվում ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային հոսքի խոչընդոտումը եւ այլն
ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ ջրօգտագործում է համարվում ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, ներառյալ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը:
Ջրօգտագործում է համարվում նաեւ վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաեւ ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը։ «Հետեւաբար, հիդրոէլեկտրակայանները չեն կարող չհամարվել ջրօգտագործող եւ ազատվել բնօգտագործման վճարից»,- նշված է վերոնշյալ որոշման համար հիմնավորման մեջ: