Սա քաղաքացի Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարած հեռուստաընկերության ցուցանակն է՝ Մյասնիկյան պողոտայի եւ Հերացի փողոցի հատման կետում։ Հասցեն՝ Մյասնիկյան ¼։
Այս ցուցանակն ու հեռուստաընկերության անվանումը Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումներ են պարունակում։
Նախ՝ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը նշում է՝
«Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.
…գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով»:
Իսկ հիմա, խնդրում եմ, նորից նայեք նկարին. այստեղ լրիվ հակառակն է՝ ցուցանակը ձեւավորված է օտարագիր, հայերենն էլ հենց էնպես՝ ձեռի հետ է։
Ի դեպ, այս հեռուստաընկերության եթերում հեռարձակվող խորհրդանիշն էլ նախ օտարագիր է՝ FREE NEWS, ապա, ավելի փոքր տառերով հայերեն՝ ՖՐԻ ՆՅՈՒԶ։
Արդ, ինչերե՞ն են մեսրոպատառ ՖՐԻ-ն եւ մեսրոպատառ ՆՅՈՒԶ-ը:
Հիմա՝ հարց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հարգարժան անդամներին. ինչպե՞ս եք հանրային մուլտիպլեքսի սլոթով հեռարձակման լիցենզիա տրամադրել մի հեռուստաընկերության, որի անվանման մեջ հայերեն ոչ մի բառ չկա, եւ եթերում էլ նախ օտարալեզու անվանումն է, ապա եւ՝ այդ անվանման հայերեն տառադարձումը։
Իհարկե, ՀՌՀ-ի ղեկավարությունը կասի, թե «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը նման ուղղակի պահանջ չի դնում։ Ավելին՝ այդ օրենքի 6-րդ՝ «Տեսալսողական տեղեկատվության լեզուն» հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝
«3. Հեռարձակողների անվանումներն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է»:
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ են օրենքի հեղինակները հանկարծ որոշել, որ հանրային մուլտիպլեքսի սլոթով Հայաստանի տարածքում հեռարձակվողի անվանումը կարող է լինել օտարագիր։ Պարզաբանեմ՝ դա նախատեսված է վերահեռարձակվողների համար։ Սակայն քանի որ ձեւակերպումն անորոշ է, ահա օգտվում է ՖՐԻ ՆՅՈՒԶ անվանումով հեռարձակողը։
Բայց մի բան մոռացել են մտքի գիգանտները։ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ՝ «Լրատվության միջոցի անվանումը» հոդվածը նշում է՝
«Լրատվության միջոցի անվանումը պետք է ընդունելի լինի հասարակական բարոյականության տեսանկյունից…»։
Հիմա հարց՝ ՀՌՀ-ին, քաղաքացի Ալեն Սիմոնյանին եւ նրա տիկնոջը. հասարակական բարոյականության տեսանկյունից որքանո՞վ է ընդունելի ՖՐԻ ՆՅՈՒԶ օտարաբառ անվանումը։ Ոսկեղենիկը համապատասխան բառեր չունե՞ր հեռուստաընկերությունն անվանակոչելու համար։
Պատասխան չի լինի։
Թե ասա, ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս. եթե Ալեն Սիմոնյանի համար բարոյական է, որ ճանապարհաշինական մրցույթները իր եղբոր ղեկավարած ընկերությունն է շահում, ու էդտեղ կոռուպցիա չկա, որ պատերազմում զոհվածների տարելիցը դեռ չլրացած ինքը կարող է տժժալ Հունաստաններում, ապա ի՞նչ մի մեծ բան է հեռուստաընկերության անվանումը։
Անվանում է, էլի։
Կարեւորն այն է, որ այդ անվանումով հեռուստաընկերությունը զբաղվի իշխանությունների իմաստուն քաղաքականության գովերգմամբ եւ «ջախջախիչ հարված» հասցնի բոլոր ընդդիմախոսներին։
Հ. Գ. Նրանք, ովքեր կարդացել են իմ նախկին մի հոդվածը այս հեռուստաընկերության հետ Ալեն Սիմոնյանի կապի վերաբերյալ, հասկացան, թե ինչու գրեցի քաղաքացի Սիմոնյան եւ ոչ թե ԱԺ նախագահ։ Նորից հիշեցնեմ՝ ԱԺ նախագահը համարում է, որ ինքը կապ չունի իր կնոջ ղեկավարած հեռուստաընկերության հետ։ Իսկ գուցե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացի Ալեն Սիմոնյանին մեկնաբանի՞ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ու պահանջի՞, որ քաղաքացի Ալենի տիկին Մարիամը հարգի այդ օրենքն ու մեր լեզուն։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։