ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ 2021-ին պետբյուջեից տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծմանը փաստացի ուղղվել է շուրջ 7,3 միլիարդ դրամ:
Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1,7 միլիարդ դրամ: Այն ներառել է նաեւ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը: Ըստ նախարարի՝ այդ ծախսերից 209,5 միլիոն դրամն ուղղվել է պատերազմի ազդեցության հաղթահարմանը:
Մկրտչյանը հավելել է, որ անապահով սոցիալական խմբերին աջակցության, անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 78,3 միլիարդ դրամ: Դրանից 30,4 միլիարդ դրամն ուղղվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին:
Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի օբյեկտիվ վարչարարության արդյունքում նպաստառու ընտանիքների թիվը նվազել է շուրջ 10 հազարով: