Թվային իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող «Ռոսկոմսվոբոդա» նախագիծը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ռուսալեզու էջը։
«Ազատության» ռուսալեզու էջն արգելափակել է ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը` «Ռոսկոմնադզորը»` Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչեւ այս պահը չեն պարզաբանել արգելափակման պատճառները։
Ռուսաստանյան իշխանությունները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երկրում անհասանելի են դարձրել տասնյակ լրատվամիջոցների կայքեր, մասնավորապես «Ազատության» Current Time հեռուստանախագծի, «Ազատության» ռուսական, Ղազախական, տաջիկական, թուրքմենական, ուզբեկական ծառայությունների կայքերը։
Արգելափակվել են Բրիտանական BBC-ի, գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունների կայքերը` Ուկրաինայի դեմ պատերազմի մասին «կեղծ» տեղեկություններ տարածելու մեղադրանքով՝ մասնավորապես «հատուկ գործողությունը» պատերազմ անվանելու պատճառով։
ՌԴ իշխանությունները եթերազրկել են նաեւ «Էխո Մոսկվի» ռուսաստանյան առաջատար ռադիոկայանը, արգելափակել «Դոժդ» հեռուստաընկերության ինտերնետային էջը։
«Ռոսկոմնազորը» երկրում արգելափակել է նաեւ Թվիթերը, Ֆեյսբուքը, Ինստագրամը։
Անկախ լրատվության աղբյուրները փակելու Մոսկվայի գործելակերպին արձագանքելով՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը դեռեւս մարտին հայտարարել է, թե Պուտինը ռուսներին կերակրում է ուկրաինական պատերազմի իրական ծավալների եւ գնի մասին ստերով:
Ֆլայը շեշտել է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մերժում է «այս կրիտիկական պահին Ռուսաստանի լսարանին տրամադրվող լրատվության բովանդակությունը գրաքննելու պահանջը»։