Խորհրդարանական ընդդիմությունը հավատաքննության է անցել: Հավատաքննության են ենթարկելու բոլորին։
Սկզբում նրանք պետական բարձրաստիճան պաշտոնյաներին էին «հալածում»՝ ստիպելով, որ արտաբերեն «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» բառերը: Երեկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները օդանավակայանում «բռնացրել էին» սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Մոսկվա ուղեւորվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Չնայած նրանց համառ ջանքերին՝ փոխվարչապետն այդպես էլ չհնչեցրեց բաղձալի արտահայտությունը։
Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմադիրները նման անհաջող փորձ արել էին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ: Այդ հանդիպումից օրեր անց «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները փորձեցին ներխուժել Կառավարության երրորդ մասնաշենք՝ նույն հարցը տալու մյուս նախարարությունների աշխատակիցներին (փույթ չէ, որ Կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարությունները որեւէ առնչություն չունեն ՀՀ արտաքին քաղաքականության մշակման ու իրագործման հետ):
Հետո հայտարարեցին, որ այցելելու են նախարարների եւ մյուս պաշտոնյաների տները՝ նրանց այնտեղ հանդիպելու, Արցախի խնդրի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտելու, լսելու «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։
Չբավարարվելով այդքանով՝ հիմա էլ անցել են հասարակական տարբեր շերտերի հավատաքննության ենթարկելուն։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս ազդարարեց. «Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է այս տրամաբանությամբ․ բոլորը պետք է հստակ կողմնորոշում արտահայտեն՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ․ սա ջրբաժան է։ Տուն առ տուն գնալու ենք, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն»:
Թե մարդիկ ինչպես կարձագանքեն ընդդիմության գործողություններին, դժվար չէ կռահել: Բավական է միայն հիշել, որ ընդդիմության կազմակերպած քաղաքացիական անհնազանդության ակցիաներն այս ընթացքում ոչ թե օգնել են կողմնակիցներ գրավելու, այլ ընդհակառակը, վանել են մարդկանց։ Հաճախ քաղաքացիները վեճի էին բռնվում ցուցարարների հետ՝ ստիպելով բացել փողոցները (դրանից հետո տեւական ժամանակ է՝ ընդդիմությունը փողոցներ չի փակում):
Հավատաքննության այս գործընթացում ուշագրավ է մեկ այլ հանգամանք. իշխանություններից ու քաղաքացիներից «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունն ուզում են լսել մարդիկ, որոնք ոչ վաղ անցյալում իրենք են համաձայն եղել այդ հեռանկարին՝ կողմ արտահայտվելով ԼՂ հակամարտության կարգավորման «Ընդհանուր պետության» տարբերակին։
ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման «Ընդհանուր պետություն» անվանումը ստացած սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ներկայացրել էին 1998 թվականի նոյեմբերին։ Փաստաթղթի առաջին գլուխը վերաբերում է ԼՂ կարգավիճակին։ Եվ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Կողմերը կնքում են համաձայնագիր ԼՂ կարգավիճակի մասին, որը կներառի հետեւյալ դրույթները. ԼՂ-ն հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Ուշադրությո՛ւն դարձրեք ձեւակերպմանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում է։
Այն ժամանակ Հայաստանում նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր՝ այսօրվա «Դիմադրության շարժման» փաստացի ղեկավարը։ Նրա հետ էր նաեւ ՀՅԴ-ն՝ այսօրվա ընդդիմադիր պայքարի «առաջամարտիկը» եւ հասարակությանը հավատաքննության ենթարկելու գաղափարի հեղինակը։ Իշխանության մեջ էր նաեւ ՀՀԿ-ն, որը եւս «Դիմադրության շարժման» ակտիվ մասնակիցներից է։
Ի դեպ, «Ընդհանուր պետությանը» ժամանակին գրավոր համաձայնություն տվել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ իշխանությունները։
Հայաստանն այս կապակցությամբ նշել է. «Հայաստանն ուսումնասիրել է «ԼՂ զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները» փաստաթուղթը, որը համանախագահները ներկայացրել են նոյեմբերի 10-ին Երեւանում: Հայաստանն ընդունում է այս փաստաթուղթը որպես հիմք ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների համար»:
Իսկ ԼՂՀ պատասխանում նշված է. «Առաջին հերթին կցանկանայինք նշել. ««Ընդհանուր պետություն» ձեւակերպումը մենք ընկալում ենք որպես կողմերի իրավահավասար իրավական օբյեկտներ լինելու ամրագրում: Այսպիսով, հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից ներկայացված նոր առաջարկներում ցուցաբերված է ճկուն մոտեցում մի շարք խնդիրների լուծման հանդեպ` ԼՂՀ ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում ներկայացված փաստաթղթերի նախագիծն ընդունել որպես բանակցությունների հիմք»:
Եվ հիմա այս ամենին համաձայնած անձինք եւ ուժերը ստիպում են, որ բոլորը բարձրաձայն հայտարարեն՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: