Թուրքական ընդդիմադիր Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը նոր գործողություն է սկսել ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամների դեմ։
Հունիսի 3-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ներխուժել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ հետախուզում է սկսել։
Ոստիկանական գործողությունն իրականացվում է Թուրքիայի 11 նահանգներում, որի շրջանակում կալանավորման որոշում կա առնվազն 40 հոգու նկատմամբ, այդ թվում՝ ԺԴԿ Ստամբուլ, Բինգյոլ ու Էդիրնե նահանգների համանախագահների։
Ըստ պարբերականի՝ կալանավորման որոշումներ կան նաեւ կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների նկատմամբ։
Հիշեցնենք, որ հենց ԺԴԿ պատգամավոր է նաեւ հայազգի քաղաքական գործիչ Կարո Փայլանը։