ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանում հուլիսից Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ զինվորների կարիքները կուսումնասիրի: Նա հավելել է, որ դա պետությանը կօգնի ըստ անհրաժեշտության իրականացնելու համապատասխան ծրագրեր:
Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո տղաները պետք է անցնեն վերասոցիալականացման գործընթացով: Նա պարզաբանել է, որ զորացրվելիս պետությունը զորացրվողի հմտությունների, կրթության, ցանկությունների մասին արդեն բավարար տեղեկություն կունենա:
«Օրինակ՝ գուցե ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներ ունենանք մեզ մոտ ուսումնասիրած, ճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ ոմանք պետական զբաղվածության ծրագրերի շահառու կդառնան, իսկ եթե շահառուների թիվը շատ լինի, գուցե պահուստային ֆոնդից գումար հատկացնելու եւ որոշակի ծրագիր իրականացնելու հարց առաջանա: Ըստ նախարարի՝ եթե աշխատանքի հնարավորությունները հստակ չեն, չի բացառվում՝ նրանք մտածեն ուրիշ երկրում աշխատանք գտնելու կամ այլ հնարավորությունների մասին: