ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում կրոնական ազատության մասին ամենամյա զեկույցը։ Փաստաթղթի «Ադրբեջան» բաժնում հիշատակվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքների» վերաբերյալ բանաձեւում տեղ գտած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մտահոգությունները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, դրանց թվում՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի եւ մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վանական համալիր։
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի պետական մակարդակով հայկական մշակութային ժառանգությունն այսպես կոչված «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինելու ջանքը մտահոգիչ է:
Հեղինակներն ընդգծել են, որ վերջին շրջանում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել Ադրբեջանի կառավարության կողմից հայկական ժառանգության դեմ դիտավորյալ գործողությունների, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի դեպքերի մասին: