Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Բեռլինը կողմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
«Այժմ պետք է ապացուցենք Ուկրաինային, որ նրա առաջ դուռ չենք փակի։ Սակայն զիջումներ չեն արվի»,- ընդգծել է Աննալենա Բերբոքը՝ անդրադառնալով երկրին արագացված ընթացակարգով ԵՄ ընդունելու հնարավորությանը։
Դիվանագետը եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին եւ ժողովրդին, խոստացել լրացուցիչ զենք մատակարարել։ «ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կվերակազմավորենք մեր պաշտպանությունը։ Սակայն խաղաղությունն իր գինն ունի»,- եզրափակել է Բերբոքը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրն ընդունակ կլինի ոտքի կանգնելու պատերազմից կրած վնասներից եւ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ:
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնն իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը կարող է տասնամյակներ տեւել․ առնվազն 15-20 տարի։