Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տարածաշրջանային խաղաղության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը:
Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը եւ աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջիններիս հետ Կլաարը հունիսի 3-ին ավելի վաղ առանձին հանդիպումներ էր ունեցել:
Քննարկել են պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
ՀՀ արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը եւ կարեւորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության եւ գործնական քայլերի անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։