ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայում հունիսի 3–ի երեկոյան Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի մասնակցությամբ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը:
Կողմերը քննարկել են սահմանային, մաքսային եւ այլ վերահսկողության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ երթեւեկության վերաբերյալ դիրքորոշումները:
Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր ուղիների վերաբերյալ: