«Ադրբեջանական զինծառայողները եւ թուրքական «փրոքսիները» ղարաբաղյան պատերազմի ժամանակ կիրառում են արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք հավանաբար ուղարկվել էին Ուկրաինայից: Մենք հիմա ցույց ենք տալիս «Ողջույններ Ուկրաինայից»-ը՝ սպիտակ ֆոսֆորը, Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ի կիրառած արգելված ռազմամթերքը»,- Արցախում 44-օրյա ադրբեջանական ագրեսիայի թեժ պահին հայտարարեց ռուսաստանյան հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Սոլովյովի խոսքը հաստատեց ռուսաստանյան եւս մեկ լրագրող՝ Սեմյոն Պեգովը: Դրանից հետո անձամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին մեղադրանքներ հնչեցին «КВН»-ի նրա նախկին շրջապատից: Որպես կանոն, Ռուսաստանում բնակվող եւ հայկական ազգանուն ունեցողների անունից: Զելենսկին բավարարվեց ռուսաստանյան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին պատասխանելով: Անդրեասյանին «օտար ֆեյքեր կրողի դերը չստանձնելու» կոչ անելով՝ Ուկրաինայի նախագահը հայտարարեց. «Ուկրաինան երբեք եւ ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել: Մանավանդ վայրեր, որտեղ արդեն թեժ է, եւ որտեղ շատ տաք գլուխներ կան, որոնք ուզում են տեղում ինչ-որ աշխարհաքաղաքական հարցեր լուծել»:
Բոլորովին վերջերս արդեն Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտակարգ վեհաժողովում ֆոսֆորային ռումբերի կիրառման համար Զելենսկին մեղադրեց Ռուսաստանին: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Ռուսաստանը երբեւէ միջազգային կոնվենցիաներ չի խախտել: Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցիների նկատմամբ ֆոսֆորային ռումբերի կիրառումը հերքում էր նաեւ Ադրբեջանը՝ հակառակ բազմաթիվ տեսագրությունների, որոնք հաստատում էին այդ փաստը:
Այրված դեմքերով մարդիկ
Այսօր բավական դժվար է ասել՝ հայ զինվորականների ու խաղաղ բնակիչների գլխին ուկրաինակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, ռուսական արտադրության ֆոսֆորային ռումբեր են ընկել: Բայց այն, որ Ադրբեջանն Արցախում միջազգային կոնվենցիաներով արգելված ռումբեր է կիրառել, անվիճելի փաստ է, որը կարող է անձամբ հաստատել այս տողերի հեղինակը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ինձ վիճակվել է շփվել ֆոսֆորից այրված դեմքերով, ձեռքերով եւ մարմնի այլ մասերով հայ զինվորականների հետ:
Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ոչ միայն 2020-ի աշնանը Արցախում, այլեւ Հայաստանի Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում՝ հայկական զինուժի դիրքերի ուղղությամբ: Այսինքն՝ նախորդ տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին: Ու թեեւ Հայաստանի ՊՆ-ն նախընտրում է դրա մասին լռել, հավանաբար չցանկանալով փչացնել կառավարության՝ Բաքվի ռեժիմի հետ «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ տրամադրվածությունը, այդուհանդերձ, ֆոսֆորից թարմ այրվածքներ ստացած հայ զինվորականների տեսքով ճշմարտությունը համառորեն ջրի երես է ելնում:
Անիրական եւ իրական թվեր
Պատճառներն, ըստ որոնց՝ ռուսաստանյան, ներառյալ հայկական ազգանուններով քարոզիչների ձեռամբ փորձ է արվում ֆոսֆորի համար պատասխանատվությունը բարդել Ուկրաինայի վրա, ընդհանուր առմամբ հասկանալի են: Նույն նպատակով ռուսաստանյան զանազան կայքերում հրապարակվում են կեղծանուններով հեղինակների հոդվածներ՝ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին փոխանցված զինվորական տեխնիկայի եւ սպառազինությունների ցանկերով: Ամենահամեստ հաշվարկներով այդ սպառազինությունները հենց իրեն՝ Ուկրաինային կբավարարեին ռուսական ներխուժումը հետ մղելու համար:
Սակայն, Ուկրաինային ՌԴ ռազմավարական դաշնակից պետության զինվորականների մահվան գլխավոր աղբյուր ներկայացնելու ձգտումից բացի, կան նաեւ թվեր՝ ներկայացված առավել հեղինակավոր միջազգային աղբյուրների, մասնավորապես Stockholm International Peace Research Institute-ի (SIPRI) կողմից: Այսպես, 2010-2019 թվականների ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է 63 միլիոն դոլարի սպառազինություն կամ ադրբեջանական ներմուծվող ընդհանուր սպառազինությունների սոսկ 1,9% ը: Այդ նույն ժամանակահատվածում Ուկրաինան Հայաստանին է մատակարարել 7 միլիոն դոլարի սպառազինություն, ինչը Հայսստան ներմուծվող ընդհանուր սպառազինությունների 1,6%-ն է:
Նույն SIPRI-ի տվյալներով՝ 2010-2019 թվականներին Ադրբեջանը զենքի գնման վրա ծախսել է 3 միլիարդ 298 միլիոն դոլար: Այդ գումարի 63,8%-ը կամ 2 միլիարդ 104 միլիոն դոլարը փոխանցվել է Ռուսաստանին, 24,6%-ը կամ 810 միլիոն դոլարը՝ Իսրայելին, 4,5%-ը կամ 148 միլիոն դոլարը՝ Բելառուսին, 2,8%-ը կամ 98 միլիոն դոլարը՝ Թուրքիային, 0,1%-ը կամ 4 միլիոն դոլարը՝ Միացյալ Նահանգներին: 2,3%-ը կամ 76 միլիոն դոլարն Ադրբեջանը ծախսել է այլ երկրներից սպառազինությունների գնման նպատակով:
Հայաստանն այդ նույն ժամանակահատվածում սպառազինությունների գնման համար ութ անգամ քիչ գումար է ծախսել՝ տասը տարվա ընթացքում 449 միլիոն դոլար: Գումարի 93,3%-ը կամ 419 միլիոն դոլարը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, 2 միլիոն դոլարը՝ Չեռնոգորիային, եւս 21 միլիոնը կամ ընդհանուր գումարի 4,7%-ը՝ այլ երկրների: Ուկրաինան, ինչպես արդեն ասվեց, դեպի Հայաստան սպառազինությունների ծավալով արտահանողների ցանկում երկրորդ տեղն է գրավում:
Ով եւ ինչպես էր Ադրբեջանին զենք մատակարարում
2003-ի փետրվարի 27-ին Մոսկվան եւ Բաքուն կնքեցին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ենթադրում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումներ Ադրբեջանին, այդ երկրի զինվորական կադրերի պատրաստում, ռուս մասնագետների մասնակցություն Ադրբեջանի ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի վերահագեցման եւ ուտիլիզացիայի գործում: 2016-ին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Ադրբեջանի տարածքում ռուսական Ми-8/17 ուղղաթիռների սպասարկման եւ վերանորոգման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր կնքեց Silk Way Helicopter Services ընկերության հետ:
Հետաքրքրական է, որ մինչեւ 2005 թվականը Ռուսաստանն առհասարակ Ադրբեջանին սպառազինություն չի մատակարարել: Սակայն միայն 2010-2012 թվականներին երկու երկրներն ընդհանուր մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական համագործակցության պայմանագրեր են կնքել, իսկ Ադրբեջանին սպառազինությունների պրոֆիլային արտահանման գծով «Рособоронэкспорт» կորպորացիայի մատակարարումների ընդհանուր ծավալը մինչեւ 2014-ի ավարտն արդեն 5 միլիարդ դոլար: Նույն այդ ժամանակ՝ 1991-2014 թվականներին, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է ընդհանուր 521 միլիոն դոլարի զանազան սպառազինություն: ՄԱԿ-ին առընթեր Սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով՝ ՌԴ-ն Հայաստանին ծանր սպառազինություն, մասնավորապես՝ 35 տանկ, 110 զրահամեքենա, 50 հրթիռարձակման կայանք եւ 200 հրթիռ առաջին անգամ մատակարարել է միայն 2013 թվականին:
«Վագր»-եր, «Սմերչ»-եր եւ «Բուրատինո»-ներ
Վերացարկվելով SIPRI-ի տվյալներից՝ համեմատական վերլուծություն անցկացնենք Հայաստանին եւ Ադրբեջանին տասը տարվա ընթացքում՝ 2010-2019 թվականներին, ռուսական սպառազինությունների մատակարարման վերաբերյալ:
Այսպիսով, 2010-ականներին ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել զենիթահրթիռային С-300 երկու համալիր եւ 144 միավոր 5В55У հրթիռ: Ադրբեջանին՝ 100 միավոր հակատանկային հրթիռային «Корнет» համալիր: 2011-ին Հայաստանին՝ 10 միավոր «Тигр» զրահամեքենա, Ադրբեջանին՝ զենիթահրթիռային С-300 երկու համալիր, եւ 200 միավոր 48Н6 հրթիռ:
2011-2015 թվականների ընթացքում ՌԴ-ն առհասարակ Հայաստանին սպառազինություն չի մատակարարել: Մինդեռ այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանին է մատակարարել 24 միավոր Ми-35М ուղղաթիռ, 66 միավոր Ми-8 եւ Ми-17 ուղղաթիռներ, 18 միավոր ինքնագնաց «Мста-С» հաուբից, 18 միավոր ինքնագնաց «Вена» ականանետային կայանք: Այդ տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել նաեւ համազարկային կրակի 18 միավոր «Смерч» համակարգի ռեակտիվ կայանք, 2 միավոր զենիթահրթիռային «Бук» համալիր, 200 միավոր 9M317 եւ 9M38 հրթիռներ, 100 միավոր Т-90 տանկ, 118 միավոր զրահապատ թրթուրավոր БМП-3 մարտական մեքենա, 1000 միավոր 9М կառավարվող հրթիռ, 117 միավոր «Кастет» հրթիռ, 36 միավոր «Буратино» կրականետային ծանր համակարգ:
Ռուսաստանյան մատակարարումները Հայաստանին վերականգնվեցին միայն 2016 թվականին, դրանց թվում՝ «Искандер» համալիրի 4 հրթիռային համալիր, 200 միավոր զենիթահրթիռային «Игла» համալիր, համազարկային կրակի 6 միավոր «Смерч» համակարգի ռեակտիվ կայանք եւ 200 միավոր զենիթահրթիռային «Верба» համալիր: 2017-ին ՌԴ-ն Հայաստանին մատակարարեց 100 հակատանկային հրթիռային «Корнет» համալիրներ: Իսկ 2019-ին 4 Су-30 կործանիչ, 2 միավոր զենիթահրթիռային «Тор-М1» համալիր եւ 50 9M338 հրթիռ: Ադրբեջանը 2017-2018 թվականներին Ռուսաստանից ստացել է 24 ինքնագնաց հակատանկային «Хризантема» հրթռային համալիր, 800 միավոր 9M123 եւ 76 БТР-82 հրթիռներ:
Ուժերի հավասարակշռությո՞ւն. չենք լսել
Կարելի է արձանագրել, որ Մոսկվան զենքի իր մատակարարումներում պարիտետը՝ կողմերի հավասարությունը, մեծ հաշվով պահպանել է: Սակայն, զենքի ներմուծման ցուցանիշից ելնելով, Ռուսաստանից Հայաստանին՝ 93,3% եւ Ադրբեջանին՝ 63,8%, անհրաժեշտ է արձանագրել, որ հակամարտող կողմերի զինված ուժերի միջեւ հավասարակշռությունն այնուամենայնիվ խախտվել է: Առաջին հերթին նկատի ունենալով, որ Ադրբեջանին Ռուսաստանից բացի սպառազինություններ էին մատակարարում Իսրայելը, Պակիստանը եւ Թուրքիան: Հենց միայն Իսրայելի հետ Ադրբեջանը կնքել է 4 միլիարդ ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր:
Հասկանալի է, որ սպառազինությունների վաճառքն ու մատակարարումը բավական փակ թեմա են: Մենք բերեցինք երկար ժամանակ հակամարտող երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ՌԴ-ի պաշտպանական համագործակցության սոսկ հրապարակային մասը: Սակայն անգամ այդ տվյալներից հասկանալի է, որ Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենքի մատակարարման առաջատար դերակատարման մասին խոսել, մեղմ ասած, չարժե:
Դավիթ Ստեփանյան | Երեւանյան լրագրող Դավիթ Ստեփանյանը քաղաքական վերլուծաբան է, Միջազգային հարաբերություների եւ անվտանգության Հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ: