1997 թվականից սկսած՝ 25 տարի հանրապետության մարզերի՝ հազարի հասնող գյուղական գրադարաններում իրավիճակը նույնն է եղել։ Հիմնականում գյուղապետների հարսներն են գրանցված եղել իբրեւ գրադարանավար կամ էլ գյուղապետի աղջիկը։
Երբ կամեցել են, գյուղապետարանի մի անկյունում ծվարած գրադարանի դուռը բացել են, չեն կամեցել, ամիսներով չեն բացել։ Այսպես «աշխատել են» 25 տարի տնից՝ հեռավար, առանց գրադարանի դուռ բացելու, առանց մեկ ընթերցողի, բայց կայուն աշխատավարձով։
Նույն իրավիճակն է եղել նաեւ Մասիսում։
26 համայնքում՝ ընդամենը 10 գործող գրադարան
Մասիսի գրադարանի տնօրեն Սուսաննա Ասատրյանը համակարգում է նաեւ ամիսներ առաջ ձեւավորված Մասիս խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի գրադարանները։ Մասնագիտությամբ լրագրող Սուսաննան երեսնամյա աշխատանքի փորձ ունի։ Նա գիտի՝ երբ, ինչպես եղավ, որ հասանք այս վիճակին։
«1980 թվականին ստեղծվեց գրադարանների կենտրոնական համակարգ, որը միավորեց նախկին Մասիսի երեք եւ շրջանի 25 գյուղի գրադարաններ։ 1997 թվականից՝ տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծվելուց հետո, գյուղի գրադարանները տրվեցին գյուղապետարաններին, եւ սկսվեց փլուզումը։ Տարիներով գրադարանային գործը մեռած է եղել։ Նույնը՝ մենք. թեեւ գյուղի գրադարան չէինք, բայց ժամը 10-ին գալիս էինք, 3-ին գնում, բան ասող չկար, բան ու գործ էլ չկար»,- ասում է Սուսաննա Ասատրյանը։
1965 թվականից գործող, ընդամենը մի քանի սենյակ զբաղեցնող գրադարանը հիմա նոր հասցե ունի։ Սուրբ Թադեոս եկեղեցու հարեւանությամբ գտնվող նախկին մանկապարտեզը մասնակի վերանորոգումից հետո օրերս է դռները բացել ընթերցողների առաջ։ Հաճելի էր նեղ միջանցք հիշեցնող նախկին շրջանային գրադարանի փոխարեն շրջել երկհարկ շենքի ազատ, մեծ ու լուսավոր սրահներով։
Ամիսներ առաջ՝ դեկտեմբերին է կազմավորվել Մասիս խոշորացված համայնքը, եւ երբ 2022 թվականի փետրվարի 8-ի ավագանու որոշումով միավորվեցին համայնքի 29 գրադարանները, բացվեց շատ տխուր ու հետաքրքիր պատկեր․․․ անհետացել էին գյուղերի գրադարաններ, սեփականվել ու վաճառվել էին տարածքներ։
«Պարզեցինք, որ նորից ավերակներից պիտի հառնենք․․․ 16 գյուղեր գրադարան չունեն, հինգ գյուղերում գրքերը կան, տարածք չկա։ Արգավանդի պես մեծ գյուղում գրադարան չունենք, ընդամենը բեմի աջ կողմում շորով ծածկած գրքերի պահեստ է, իսկ բեմի վրա քայլելը՝ կյանքի համար վտանգավոր»,- ասում է Սուսաննա Ասատրյանը։
Շուտով գրադարան կունենան Արգավանդն ու Հովտաշատը։ Մարմարաշեն, Դարբնիկ, Ղուկասավան գյուղերում տեղի խնդիր կար, որն այժմ լուծման փուլում է։ Խարբերդ, Ջրահովիտ, Այնթափ, Զորակ, Սայաթ-Նովա, Դաշտավան, Դարակերտ, Նորաբաց գյուղերը պահպանել էին իրենց գրադարանները, սակայն դրանք վերջին անգամ նոր գրքի երես տեսել են անցյալ դարի 80-ականներին։
Սարոյան, Ռեմարկ, Րաֆֆի, Կիյոսակի
«Մեր կյանքը փոխել է մշակույթի նախարարության եւ Ազգային գրադարանի համատեղ ծրագիրը։ 100 տարի էդ արժեքի ու որակի գույք չէինք ստացել․ շատ անհրաժեշտ գրքի 49 պահարան, ընթերցասրահի սեղաններ, 50 աթոռ։ Բայց ամենակարեւորը ջեռուցումն էր, քանի որ ձմռան ամիսներին պարալիզացվում էր մեր աշխատանքը. ընթերցասրահը չէր գործում։ Այս անմարդկային վիճակը տասնամյակներով էր. գրքերն էին փչանում, ընթերցողներ էինք կորցնում»,- ասում է գրադարանավարը։
Միջին վիճակագրական գրասերին Մասիսի գրադարանում կարող էր զարմացնել հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերի առկայությունը։ Տասնյակ հազարավոր հին գրքերի կողքին ի ցույց էին դրված նորերը՝ Սարոյան, Ռեմարկ, Ագաթա Քրիստի, Րաֆֆի, Շաֆաք, Փամուք։ Մոտիվացնող գրականություն էլ կար՝ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը, «Թքած ունենալու նուրբ արվեստը»։
Ռուսերեն նոր գրքերը, տնօրենն ասում է, ուսանողների եւ Ռուսաստանից ամռանը տատիկին հյուր եկողների համար են։
Այդ պահին գրադարան այցելած Սյուզին հանձնում էր Հոմերոս, վերցնում Դեմիրճյան եւ Շեքսպիրի հատորներից մեկը։ Ընտրությունը հուշում է՝ ցանկանում է դիմել բուհ՝ դերասան դառնալու համար։
Սուսաննան վտահեցնում է, որ մարզում շատ են կարդում, սակայն դպրոցականին գրադարանին կապելու համար ջանք պիտի դնել։ Միջոցառումներ են անում գրադարանի միջավայրը հարազատ դարձնելու համար։ Ցանկացած այդպիսի հավաքից հետո բաժանորդագրվողներ են լինում։
Սուսաննան հավատում է, որ իրավիճակը կփոխվի, քանի որ «այս տարվա բյուջեով բավականին խոշոր՝ մեկ միլիոն դրամ գումար է նախատեսված նոր գրականություն ձեռք բերելու համար»։
Մեկ միլիոնով գուցե հնարավոր է ձեռք բերել շատ եւ լավ գրքեր, բայց գրադարանների վերակենդանացման համար ոչ միայն փող, այլեւ պետական մոտեցում է հարկավոր։
Գայանե Մկրտչյան