Փոքր գյուղի մեծ նկարչին Սերսում բոլորը գիտեն: Քչախոս արվեստագետը Վայոց ձորի սահմանամերձ գյուղի հենց կենտրոնում է ապրում՝ մարդկանց մեջ ու նրանցից հեռու:
57-ամյա Վահրամ Միքայելյանի սերը վրձնի ու գույների հանդեպ դեռ մանկուց է տեսանելի եղել: Ծնողներն էլ գնահատել են տաղանդը, երեխային մասնավոր դասերի են ուղարկել, հետո էլ Վահրամն ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի (ներկայում՝ պետական) քոլեջ:
Կրթությունն ավարտելուց հետո վերադարձել է Վայք, դասավանդել քաղաքի Մշակույթի տանը, դպրոցում. մի քանի տասնյակ աշակերտներ է ունեցել: Նկարիչն արվեստագետի «դասական» կյանքով է ապրել. դժվարություններն անպակաս են եղել:
Հայրենասեր է եղել Վահրամը, միաբերան պնդում են գյուղացիներն ու հարազատները: 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել, հետո էլ՝ մեկնել ռազմաճակատ: 1992-ին կորցրել է աջ ձեռքը: Դժվար է ասել՝ նկարչի համար ձեռքը կորցնելն ինչի է հավասար, բայց Վահրամը չի հանձնվել: Անվերջ վիրահատություններ, հիվանդանոցներ, հիասթափություններ…
Քույրը՝ Նորվարդ Միքայելյանը, «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ վիրավորվելուց հետո եղբոր մոտ հոգեկան առողջության որոշ խնդիրներ են նկատվել: Վայքում մնալով՝ Վահրամը շարունակել է դասավանդել, ապրել է մեկ այլ արվեստագետի հետ, համայնքապետարանի տրամադրած հանրակացարանում: Մի հարկի տակ չեն հարմարվել, հետո Վահրամին վախեցրել են, փորձել վնասել, որ լքի տունը, անգամ քրեական գործ է հարուցվել…
Նկարիչն էլ տեղափոխվել է Վայքի իր փոքրիկ, կիսանկուղային արվեստանոց: Հենց այդ ժամանակ էլ, ըստ հարազատների, սրվել են նկարչի առողջության խնդիրները: Հրաժարվել է բարեկամների, ընկերների հետ շփվելուց, բայց եւս մի քանի տարի նկարել է:
Վայքում իր տեղն այդպես էլ չգտնելով՝ նկարիչը վերադարձել է հայրենի Սերս ու թողել նկարչությունը: Կիսաքանդ, խոնավ տանն ապրում է եղբոր՝ Վասակ Միքայելյանի հետ: Վերջինիս կինը, երեխաներն այլ տեղ են բնակվում, ինքը խնամում է եղբորը, քույրերը՝ Նորվարդն ու Ալվարդն էլ հաճախ այցելում, օգնում են:
Քսան տարուց ավելի Վահրամը ոչինչ չի խոսել, նեղացած է եղել աշխարհից էլ, ընտանիքից էլ: Միայն վերջերս է սկսել մի քանի բառ ասել, այն էլ՝ միայն հատուկենտ մարդկանց: «Հրաշք էր, իրական հրաշք: Բոլորիս աղոթքները տեղ հասան»,- ասում է եղբայրը: Հարցերիս պատասխանելուց առաջ նկարիչը ճշտում է՝ բարձրագույն կրթություն ունե՞մ: Եղբայրը մեկնաբանում է՝ ամեն մեկի հետ բառ չի փոխանակում, պետք է վստահ լինի, որ արժանի են:
Դրական պատասխանիցս հետո գրեթե աննկատ ոգեւորություն է առաջանում, ասում է՝ ինքն էլ հինգ տարի սովորել է: Հետո ցույց է տալիս պատից կախված նկարն ու շշնջում. «Ես նման եմ Վան Գոգին»:
Մոտ 10 տարի առաջ նկարչի մասին խոսել է արմատներով սերսցի մի ռեժիսոր, Հանրային հեռուստաընկերությունից էր այցելել, արվեստագետի մասին ֆիլմ են նկարել ու Վահրամ Միքայելյանին անվանել «Սերսի խենթը»: Տարիներ անց այդ ֆիլմը դիտել է ամերիկաբնակ մի հայ, հովանավորել, որ Վահրամ Միքայելյանի ստեղծագործությունները ցուցադրվեն: 2016-ին Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում եղել է Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով:
Հիմա նկարիչն էլի իր փոքրիկ, մոռացված անկյունում է: Մի քանի հարյուր նկարների մի մասն իր խոնավ տանն են փչանում, մյուսները քրոջ տանն են, մնացածն էլ՝ կիսաքանդ արվեստանոցում: Վահրամը հրաժարվել է նկարները վաճառելուց, պատճառաբանում է՝ «դա տխուր է»:
Եղբայրն էլ հավելում է՝ Վահրամն իր նկարներն իր երեխաների պես է սիրում: Այդ «երեխաները», սակայն, որ հայկական գունագեղ բնաշխարհն են արտացոլում, օրեցօր խամրում, գունազրկվում են: Պահման պայմաններ չկան, հնարավորություն էլ չունեն արվեստանոցը վերանոգորելու:
Մի քանի օր առաջ կիսանկուղային արվեստանոցի պատուհաններն են կոտրվել, հարեւաններն էլ մի քանի քառակուսի մետր տարածքն իրենցով անելու կռիվ են տալիս։Կյանքի դժվարություններին դեռ դիմացող ազատամարտիկ նկարիչը կոտրվել, բայց չի չարացել:
Հույս չունեի, թե եւս մի քանի բառ կցանկանա փոխանակել ինձ հետ։ Հրաժեշտ տվեցի: Նայեց ամպամած երկնքին ու ժպտաց. «Արա՛գ գնացեք՝ ճամփին չմնաք»…
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: