Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հայտնել են, որ հունիսի 10-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը տեղի է ունենալու Երեւանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին տեղեկություն է տրվելու ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության եւ միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:
Երեւանում հունիսի 17-ին էլ տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։