ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Անկարան օգնի նավահանգիստների շուրջ գտնվող ջրերի ականազերծմանը, ՌԴ եւ Թուրքիայի զինվորականները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հացահատիկը դուրս բերելու մասին։
Լավրովը նշել է, որ ՌԴ-ն երաշխավորում է ականազերծումից հետո ինքնուրույն կամ թուրք գործընկերների հետ հացահատիկով բեռնված նավերի անցումը մինչեւ նեղուցներ եւ այնտեղից արդեն Միջերկրական ծով։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործընթացն այս պահին համակարգում է Անկարան։
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Ստամբուլում հացահատիկի կենտրոնի ստեղծման շուրջ բանակցություններն ընդհանուր առմամբ դրական են ընթանում, եւ Սեւ ծովով Ուկրաինայի հացահատիկի մատակարարումները կարող են սկսվել մոտ ժամանակներս:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԿ-ն առաջարկում է քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) կոնտակտային խումբ ստեղծել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերը դուրս բերելու հարցով։ Թուրքիան սկզբունքորեն համաձայնել է, եւ որոշվել է այնտեղ տեխնիկական հանդիպում անցկացնել։
ՌԴ ԱԳՆ-ից պնդել են, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայի հացահատիկի արտահանմանը։ Փոխադրման խնդիրներն առաջացել են Կիեւի մեղքով, նրանց զորքերն են ականապատել սեփական ծովային նավահանգիստները։ Այժմ էլ լուրեր են պտտվում, թե ուկրաինացիները հրդեհել են հացահատիկի պահեստները։
Ուկրաինայի ԶՈւ-ն հրկիզե՞լ է հացահատիկի պահուստները
Դոնեցկի ղեկավարի խորհրդական Յան Գագինը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջի ժամանակ հրկիզել է Մարիուպոլի նավահանգստի պահեստների հացահատիկը։ Հրդեհը շարունակվել է մի քանի օր, մարելու ընթացքում հացահատիկը փրկել չի հաջողվել։ Տոննաներով հացահատիկը ոչ պիտանի է դարձել։ Ցորենը մեծ քանակությամբ ցրված է տարածքում, կրակի օջախներ կան, օդում խանձված հոտ է:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Գագինը նշել է, թե Մարիուպոլի նավահանգստի տարածքում մեծ քանակությամբ հացահատիկ՝ եգիպտացորեն ու ցորեն կա։ «Հոտից եւ արտաքին տեսքից դատելով՝ հացահատիկը, համենայնդեպս դրա մեծ մասը, պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Հազիվ թե այն հնարավոր լինի օգտագործել նույնիսկ որպես անասնակեր»,- ասել է նա։
Ուկրաինական elevatorist.com-ը հայտնել է, որ Մարիուպոլի նավահանգստի հացահատիկի պահեստների տարողունակությունը 57 հազար տոննա է։