Թուրքիայում 2023-ին անցկացվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են ակտիվ հարցումներ անցկացնել բնակչության շրջանում:
Թուրքական MetroPOLL-ի անցկացրած հարցման ենթարկվածները պատասխանել են՝ «արդյոք առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանը կվերընտրվի, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին» հարցին:
Հարցվածների 45.8%-ը համոզմունք է հայտնել, որ Էրդողանը կվերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում: Վերջինիս վերընտրմանը չի հավատում հարցվածների 48.5%-ը:
Բացի դրանից՝ մի շարք այլ սոցհարցումներով էլ Էրդողանի վարկանիշն ավելի ցածր է, քան որոշ ընդդիմադիր գործիչների, մասնավորապես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշը:
Հարցումների ընթացքում վերջիններս վարկանիշով բազմիցս գերազանցել են Էրդողանին, ինչը նշանակում է, որ առաջադրվելու դեպքում նրանք կարող են Էրդողանի համար շատ լուրջ մրցակիցներ լինել` հաղթանակի իրական շանսերով:
Նախօրեին աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ Bloomberg-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։
Bloomberg-ի թուրք լրագրող Սելջան Հաջալօղլուն նշել է, որ թեեւ համաշխարհային համավարակը եւ մատակարարման շղթայի ճգնաժամը պատճառ են դարձել գնաճի, Թուրքիայում բարձր գնաճը մեծապես պայմանավորված է նաեւ կառավարության վարած սխալ քաղաքականությամբ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի սահմանած բարձր տոկոսադրույքներով:
Արդյունքում Էրդողանը, ըստ վերլուծաբանի, շարունակում է «արնահոսել»: