Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է, որ եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաեւ մարդկանց՝ անտառային բնակիչների, մասնավորապես օձերի հետ հանդիպելու վտանգը:
Հայաստանում 2021-ին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10,8%-ը Երեւանում, իսկ 89,2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի՝ 25%, եւ Արարատի՝ 20%, մարզերում։
Միաժամանակ դեպքերի 86,5%-ն արձանագրվել է տղամարդկանց, իսկ 13,5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
Հարձակման դիրք ընդունած օձի հանդիպելիս կանգնե՛ք եւ դանդաղ հե՛տ քաշվեք
Օձի հարձակումից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին եւ տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:
Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկ եւ ո՛չ սանդալ կամ կտորից կոշիկ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար:
Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, կանգնե՛ք եւ դանդաղ հե՛տ քաշվեք:
Տուժածին հնարավորինս շատ ջո՛ւր տվեք
Եթե, այնուամենայնիվ, օձը կծել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը եւ գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որ ոտքը լինի բարձրացված:
Օձի կծածի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաեւ որեւէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
Վերքից արյուն արտածծելը հակացուցված է
Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, կծածի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ ալկոհոլն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը եւ թունավոր ազդեցությունը: