Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ, 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Զեկույցում հղում է արվել Եվրոպական խորհրդարանի 2015-ի ապրիլի 15-ի զեկույցին եւ Թուրքիային կրկին կոչ արվել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերակայություններին, նաեւ՝ Կովկասի մասով:
Եվրախորհրդարանը բարձր է գնահատել Թուրքիայի եւ Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը եւ ԵՄ-ին կոչ է արել ակտիվորեն աջակցելու գործընթացին: Զեկույցում Թուրքիային կոչ է արվել ճանապարհ հարթելու թուրք եւ հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական եւ այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:
Թուրքիայի իշխանություններին կոչ է արվել ակտիվացնելու ջանքերը երկրում հայերի եւ այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:
Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը եւ անդամ պետություններին հորդորել է ուսումնասիրել ԵՄ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը: