Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի միջուկային ծրագրի դեմ միակողմանիորեն գործելու իրավունք ունի՝ առանց հաշվի առնելու՝ դրա շուրջ միջազգային հանրության եւ Թեհրանի միջեւ համաձայնագիր գոյություն ունի, թե ոչ։
«Որեւէ բան չի կարող սահմանափակել մեզ։ Մենք դա ոչ միայն ասում ենք, այլեւ մեր խոսքերը ապացուցում ենք գործով»,- հունիսի 7-ին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նաֆթալի Բենեթն անցյալ շաբաթ ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում խոսվում է Իրանին վերագրվող «խաբեության» եւ իր միջուկային ծրագրի իրավիճակը ՄԱԳԱՏԷ-ից թաքցնելու՝ Թեհրանի ենթադրվող փորձերի մասին: Սպասվում է, որ այս հարցի շուրջ, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետագա համագործակցության բնույթի առնչությամբ բանաձեւի նախագիծը կքննարկվի ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի այս շաբաթվա նիստում:
Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը կառավարիչների խորհրդի նիստում։
«Անհերքելի է, որ Վիեննայի բանակցություններում արեւմտյան մասնակիցների՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Իրանի վերաբերյալ բանաձեւ ընդունելու մտադրությունն ամենեւին արդյունավետ չէ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) համար: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի աջակցի այդ բանաձեւին»,- նշել է Ուլյանովը: