ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:
Էռնեստո Օտտոնեն Դումանյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատանքներ է տանում ԼՂ փորձագիտական առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
Դումանյանը նշել է, որ մինչ օրս ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին եւ հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձեւակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նախարարն ընդգծել է, որ նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կարեւոր։
Կողմերն անդրադարձել են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին։