«Զարթի՛ր, լաո» կարգախոսով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության պայքարը կոնկրետ արդյունք է տվել: Զարթնողներ կան՝ Գիտությունների ազգային ակադեմիան: Այստեղ զարթնել են ու որոշել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իշխանություններին իրենց մասնագիտական ծառայությունն առաջարկել:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: «ԳԱԱ-ն պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ եւ այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձեւավորման համար»,- իրենց հայտարարությունը եզրափակել են ակադեմիկոսները:
Հայտարարության ամբողջական տեքստը շատ ավելի երկար է: Ինչպես կարելի է կռահել, այն ամբողջությամբ հայդատականության ծիրի մեջ է, համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով ու հոխորտանքով: Հայտարարությունում արձանագրումներ են «Հազարամյակների հայոց քաղաքակրթության» մասին, մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին՝ Արցախում հայկական հետքը ոչնչացնելու եւ միջազգային իրավունքի խախտումների համար, եւ դրանից ելնելով կոչեր են՝ իրավիճակը փրկելու համար «ողջ մեր ներուժը համախմբելու եւ մարտահրավերներին դիմագրավելու» եւ «համահայկական օրակարգ ձեւավորելու» մասին:
ԳԱԱ-ի այս հայտարարությունը լիարժեք չէր լինի, եթե կարոտախտի որոշակի զեղումներ չլինեին առ խորհրդային անցյալ: Հայտարարելով, որ առնվազն 20-րդ դարի սկզբից կովկասյան թաթարները, այնուհետեւ նրանց հետեւորդ ադրբեջանցիները «գործադրում էին բոլոր ջանքերը՝ վերացնելու հայկական որեւէ հետք Արցախում», հատուկ ընդգծել են՝ «Այդ քաղաքականությունը շարունակվեց նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո»:
Այնպես որ, Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ԳԱԱ-ի առաջարկած ելքերը եւս նույն շարքից են լինելու, ոչինչ ավելին:
Առավել եւս, երբ դրա փորձն արդեն կա. 2020-ի Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից գիտաժողովը՝ նվիրված Սեւրի պայմանագրի 100-ամյակին: Նաեւ շատ ավելի վաղ՝ 1997-ի հոկտեմբերին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ասուլիսից հետո մտավորականության Կինոյի տան հավաքը։ Իրադարձություններ, որոնք կարելի է առանց վարանելու կոչել արշավ՝ գիտության ու բանականության դեմ ընդհանրապես։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս տարիներին մտավորականությունը, նույն ԳԱԱ-ն՝ իր կառույցներով, հասարակությանը շարունակաբար կերակրել է պատրանքներով ու սին հույսերով՝ դրանով իսկ պարարտ հող ստեղծելով նոր արկածախնդրության եւ աղետների համար։ Ու Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակի համար ոչ պակաս մեղքի բաժին ունեն մտավորական շրջանակները։
Ի դեպ, 1998-ի ներպալատական հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանն իր հարցազրույցներից մեկում ահազանգել էր՝ «Հայ դատի եւ պահանջատիրության գաղափարները պետական քաղաքականության հիմք դարձնելու միտումներ կան»: Այս տարիների ընթացքում Հայ դատի եւ պահանջատիրության գաղափարները ներթափանցել են ոչ միայն պետական քաղաքականության հիմքեր, այլեւ գիտության մեջ, ու ամեն ինչ կառուցվել է այդ համատեքստում։
Չե՞ք հավատում, ընթերցե՛ք ԳԱԱ տարեկան հաշվետվությունները. ռազմահայրենասիրական պաթոսի պակաս չկա, էլ չենք ասում տարեկան ժողովներում հնչած ելույթները բնական գիտությունների ոլորտներում Ադրբեջանին նոկաուտի եւ նոկդաունի ենթարկելու մասին։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: