Օրերս ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար, գեներալ Անդրեյ Կարտապոլովը հայտարարեց՝ չի բացառում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը տեղակայվեն Լուգանսկի եւ Դոնեցկի Հանրապետություններում, Ուկրաինայի «ազատագրված» տարածքներում։
Ապագայի՝ նման զարգացումը ո՛չ սառը ցնցուղ է, ո՛չ էլ նորություն միջազգային քաղաքականությամբ հետաքրքրվողների համար։ Նույնը ԱՄՆ-ն էր արել Իրաքում։ Իր գործողություններին լեգիտիմություն հաղորդելու համար նա դաշնակիցների կոալիցիա էր ձեւավորել եւ խաղաղապահներ տեղակայել այնտեղ։
Հայաստանը դե յուրե եւ դե ֆակտո Ռուսաստանի, նրա տարածաշրջանային ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն պլատֆորմների մասնակից է եւ չի կարող անմասն մնալ հնարավոր սցենարներից, որոնք ուղղակիորեն կթելադրվեն Մոսկվայից։ Այսինքն՝ կարող է, բայց եթե նման ընտրությունը դառնա այսրոպեական, եւ Ռուսաստանը պահանջի ՀԱՊԿ-ի իր «հարեմից» խաղաղապահներ ուղարկել Ուկրաինայի բռնակցված տարածքներ, դժվար թե նրանցից որեւէ մեկը գոնե առերես հրաժարվի կամ հրապարակայնորեն դեմ գնա Մոսկվային։
Իհարկե, մեզ համար կարող են բազմաթիվ մանեւրների տարբերակներ լինել, բայց այն, որ Հայաստանի խաղաղապահների մուտքը ուկրաինական տարածքի թեկուզ մեկ սանտիմետր, աննախադեպ պատժամիջոցների ու միջազգային մեկուսացման կբերի, պարզ է նույնիսկ ոզնուն։ Եվ եթե մինչ այս Հայաստանի արեւմտյան գործընկերները «աչք էին փակում» պաշտոնական Երեւանի ռուսական կողմնորոշման, ՄԱԿ-ում պրոռուսական քվեարկությունների վրա, ապա այս քայլը հղի կլինի անկանխատեսելի եւ, միգուցե, աղետալի հետեւանքներով։
Տարբերակներից մյուսն, իհարկե, կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալը լինել։ Բայց պաշտոնական Երեւանը ոչ միայն չի դիտարկում այդ հարցը, այլեւ, հակառակը, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների «զորեղացման» ջատագովն է՝ պայմանավորված նախեւառաջ Հայաստանի անվտանգային խնդիրներով։
Իրավիճակն էլ լավագույններից չէ, եթե հաշվի առնենք պաշտպանական համակարգի հետպատերազմյան փլուզված վիճակը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ, իհարկե, հայաստանյան քաղաքական համակարգի բոլոր խաղաքարտերի կենտրոնացումը Ռուսաստանի ձեռքերում։ Մանավանդ որ Ռուսաստանը չի էլ պահանջում ՀԱՊԿ գործընկերների անմիջական մասնակցություն ռուս-ուկրաինական պատերազմին։ Նախ որովհետեւ, իբրեւ կայսրություն, ինքն իրեն դիտարկում է որպես խաղաղություն եւ անվտանգություն ապահովող եւ, ըստ սահմանման, կարիք չունի օգնության։
Իրավիճակը, սակայն, կարող է փոխվել «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո, երբ Մոսկվան հետաքրքրված կլինի Ուկրաինայի օկուպացված տարածքներում իր ներկայությանը որեւէ կարգի լեգիտիմություն տալով, եւ դրա ձեւաչափերից մեկը կարող է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը լինել։
ՀԱՊԿ անդամ երկրները ներկա իրավիճակում մանեւրի եւ խուսանավումների բազմաթիվ տարբերակներ ունեն։ Բացի Ռուսաստանից ու Բելառուսից՝ մյուսները պատժամիջոցների տակ չեն եւ կարող են յուրատեսակ անվտանգության բարձիկ դառնալ Ռուսաստանի համար։ Թեեւ հավանական է, որ այդ դեպքում այդ երկրներն արդեն հայտնվեն երկրորդային պատժամիջոցների տակ, եթե հանկարծ պարզվի, որ պատժամիջոցները շրջանցելու համար Ռուսաստանն օգտագործում է նրանց շուկաներն ու տնտեսական համակարգերը։
Ինչ-որ առումով Ռուսաստանին ձեռնտու կլինեն հնարավոր երկու սցենարներն էլ։ Թե՛ այն տարբերակը, որ Հայաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամները ենթարկվեն պատժամիջոցների, թե՛ այն, որ մնան չեզոք ու անձեռնմխելի։ Եթե դաշնակիցները պատժամիջոցների տակ չեն, նրանք իրենց ավելի ապահով են զգում եւ ռուսական տնտեսության համար կարող են օգտագործվել որպես այլընտրանքային ֆինանսա-տնտեսական օազիսներ: Իսկ եթե ընկնեն պատժամիջոցների տակ, հարկադրված կլինեն համախմբվել Ռուսաստանի շուրջը, ինչպես դա եղավ բելառուսական ռեժիմի պարագայում:
Հավաքական Արմուտքը դեռ չի շտապում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցների դեմ, բայց իրավիճակը հիմնավորապես կարող է փոխվել, եթե ՀԱՊԿ խաղաղապահները հայտնվեն Ուկրաինայում եւ այն էլ Ռուսաստանի մանդատով եւ ռուսական օկուպացիոն տարածքներում։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։